Ռազմական ներխուժումն Ուկրաինա կարող է աղետ դառնալ Պուտինի համար. Time

10:28 • 04.03.14

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կարող է աղետ դառնալ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի համար, գրում է ամերիկյան Time-ը:

 

Մի քանի պատճառ կա, որոնցից կարելի է դատել, որ Վլադիմիր Պուտինն այս հակամարտությունից հաղթող դուրս չի գա: Լավագույն դեպքում դա կարող է լինել «պյուրոսյան հաղթանակ», վատագույն դեպքում` աղետ:

 

Ուկրաինայում ռազմական միջամտություն ցուցաբերելու Պուտինի որոշումը Ռուսաստանում ընկալվում է որպես նրա` երբևէ կայացրած ամենից քիչ ժողովրդականություն վայելող որոշումներից մեկը: Հետազոտության համաձայն՝ ռուսաստանցիների 73%-ը չի սատարում ռազմական միջամտությունը: Մոսկվայում ու Պետերբուրգում հարցվածների 30%-ը ասել է, որ Ռուսաստանը կարող է զանգվածային քաղաքական ցույցերի բախվել, որոնք նման կլինեն այն ցույցերին, որոնք տապալեցին ուկրաինական իշխանություններին:

 

Մյուս պատճառը տնտեսական էֆեկտն է, որին կարող է հանգեցնել միջամտությունը: Երկուշաբթի օրը ռուսաստանյան ֆոնդային ինդեքսներն ավելի քան 10%-ի անկում էին գրանցել: Ռուսական ռուբլին դոլարի համեմատ գրանցել է իր նվազագույն մակարդակը:

 

Տնտեսական աճը Ռուսաստանում առանց այդ էլ ստագնացիայի վիճակում է, «ռազմական արկածախնդրությունը» մեծացրել է կապիտալի նահանջը և աճի կանգը:

 

Ռազմական միջամտության հարցում Ռուսաստանին չեն սատարում անգամ ամենամոտ դաշնակիցները: Ղազախստանն առաջին անգամ է, որ չի սատարել Ռուսաստանին կարևոր ռազմավարական որոշման հարցում, և կողմերին կոչ է արել դադարեցնել ուժի կիրառումը:

 

Դրանից բացի զգալիորեն կխորանա Ռուսաստանի մեկուսացումն Արևմուտքից, իսկ Ռուսաստանի դեմ սահմանվելիք հնարավոր պատժամիջոցները կարող են պառակտում առաջացնել Պուտինի մերձավոր շրջապատում: