Չինաստանում հատուկջոկատայինը 15 վայրկյանում 4 ահաբեկչի է ոչնչացրել
Չինաստանում հատուկջոկատայինը 15 վայրկյանի ընթացքում 4 ահաբեկչի է ոչնչացրել և վիրավորել նրանց գործընկերուհուն. դա տեղի է ունեցել Կունմին քաղաքի երկաթուղային կայարանում ահաբեկչության ժամանակ, տեղեկացնում է Lenta.ru-ն։
Հատուկջոկատայինի խոսքով՝ իրավապահ մարմինների 4 աշխատակիցներ դեպքի վայր են ժամանել ահազանգն ստանալուց 10 րոպե անց։
Կայարանում ոստիկանները նկատել են 60-70 սանտիմետրանոց դանակներով զինված մի խումբ մարդկանց։
Նախազգուշական կրակոցներից հետո հատուկջոկատայինը կրակ է բացել ահաբեկիչների վրա։ Առաջին վիրավորը փարաջայով մի կին է եղել, որը գտնվել է ոստիկաններից ընդամենը 2 մետր հեռավորության վրա և փորձել է հարձակվել։
Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մարտի 1-ին, որի ընթացքում սպանվել է 29 մարդ։ Մարտի 3-ին Չինաստանի իշխանությունը տեղեկացրել է 3 կասկածյալների ձերբակալության մասին։ Ահաբեկչությունը նախապատրաստել էր 8 մարդուց բաղկացած խումբը։










