ՌԴ-ն ՀՀ–ի վրա ճնշում է գործադրում՝ Ուկրաինայի հարցով «արտահայտվելու» համար. Դ. Շահնազարյան
Ռուսաստանն այսօր, անկասկած, լուրջ ճնշումների է ենթարկում Հայաստանին, որպեսզի վերջինս արտահայտի իր դիրքորոշումը ռուս–ուկրաինական հակամարտության հարցում, լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով հարցին, թե ռուս-ուկրաինական հակամարտության այս օրերին որքանո՞վ է տեղին Երևանի լռությունը:
«Այսօր Ռուսաստանի այս դիրքորոշումը որևէ երկիր չկա, որ պաշտպանի։ Պուտինը փորձեց Բելառուսի նախագահի հետ խորհրդակցել՝ փորձելով նրանից կորզել պաշտպանություն, (Ղրիմ զորքեր մտցնելու համար - Tert.am), նույնը՝ Ղազախստանի նախագահի, և ես վստահ եմ, որ ՀՀ իշխանությունները լուրջ ճնշման են ենթարկվում, որպեսզի արտահայտվեն»,- նշեց բանախոսը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները գոնե կկարողանան պահպանել այս լռությունը, որը նա համարում է ոչ արժանապատիվ։
«Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը ակտիվ գործողություններ կձեռնարկի նաև մեր տարածաշրջանի նկատմամբ: Ամեն ինչ կախված է նրանից, թե մոտ ապագայում, կոպիտ ասած՝ ինչ համաձայնության կգան Արևմուտքն ու Ռուսաստանը: Կասկած չունեմ, որ կոնֆիդենցիալ մակարդակով շատ ինտենսիվ երկխոսություն գնում է»,-ասաց Դավիթ Շահնազարյանը՝ վստահություն հայտնելով, թե առ այսօր որևէ համաձայնություն չկա:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, հակառակը, Երևանի լռությունը շատ ճիշտ է համարում: Նա արձանագրեց, որ 100 հազար ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ Ուկրաինայի քաղաքացիներ են ապրում Ուկրաինայում (ոչ պաշտոնական թվերով՝ 400 հազարից ավելի) և, հետևաբար, ողջ հետխորհրդային տարածքում Ուկրաինան առանցքային երկիր է Հայաստանի համար:
«Եվ, հետևաբար, այս իրավիճակում, Հայաստանը պետք է անի միայն մեկ բան՝ լռել և սպասել, ինչպես վարվում է ողջ աշխարհը, բացի «անձնապես» շահագրգիռ երկրներից»,- ասաց Ալ. Իսկանդարյանը:
Նրա ամփոփմամբ՝ ինչ իշխանություն էլ հաստատվի Ուկրաինայում ռուսամետ կամ արևմտամետ, Հայաստանը պարտավոր է բարեկամական հարաբերություններ ունենալ այս երկրի հետ:
Ինչ վերաբերում է հարցին, թե կարող է բանը հասնել նրան, որ Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի անդամ հանդիսացող Հայաստանը ստիպված լինել զորախումբ ուղարկել Ուկրաինա, Դավիթ Շահնազարյանը հայտարարեց.«ՀԱՊԿ անդամները նման պարտավորվածություն ունեն, եթե հարձակում է տեղ ի ունենում Պայմանագրի անդամ երկրի վրա, մինչդեռ ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ենթարկվում է հարձակման»:










