Կոտայքի մարզպետարանից Գառնիի գյուղապետին հավաստիացրել են, որ առանց իրենց թույլտվության ապօրինի շինարարություն չի լինի
Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ կառուցվող սրճարանի թեմայով այսօր կրկին մամուլի ասուլիս էր հրավիրվել, որին պետք է մասնակցեին Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը և հայ զբոսավարների միության նախագահ Լիա Բախշիյանը։ Գյուղապետը, սակայն, չէր ներկայացել ասուլիսին, փոխարենը զբոսավարների միության նախագահին հեռախոսազրույցում ասել է, թե իրեն հրավիրել են Կոտայքի մարզպետարան ու ասել, որ ՀՀ մշակույթի նախարարությունն առանց մարզպետարանի թույլտվության իրավունք չունի որևէ շինարարություն իրականացնել։
«Մենք անմիջապես շփվում ենք օտարերկրացիների հետ և բոլորս կզարմանանք, եթե Իտալիայում՝ Կոլիզեյի կենտրոնում սրճարան հայտնաբերենք: Գառնին տաճար է, հնագույն անձնագիր… և այդ բարձունքը նրանք ուզում են օգտագործել, որպես սրճարան»,–ասաց Լիա Բախշիյանը, ավելացնելով, որ ինքը նամակով դիմել է և՛ Էկոնոմիկայի, և՛ Մշակույթի նախարարություններին՝ խնդրանքով, որ շինարարություն չիրականացվի։
Ի դեպ, զբոսավարների միության նախագահն ասաց, թե ինքն ավելի շատ կարող էր մտածել, որ գյուղապետը ավելի շահագրգիռ կլինի այնտեղ սրճարան կառուցելու հարցում, ոչ թե Մշակույթի նախարարությունը:
«Ես կարծում եմ երիտասարդությունը պետք է ոտքի կանգին, բոլորս պետք է պայքարենք, որովհետև դա նաև սերունդների դաստիարակության խնդիր է: Նոր սերունդը կմտածի, որ Գառնի գնում են սրճարանում նստելու, սուրճ ու ջուր խմելու, ոչ թե պատմության հին էջերին հաղորդակից լինելու համար»,–ասաց Լիա Բախշիյանը:










