Բելառուսում չեն բացառել ԵՄ անդամ դառնալու ցանկության ի հայտ գալը
Բելառուսը կցանկանար ավելի սերտ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, սակայն Ռուսաստանի հետ կապը կտրել ևս չի ցանկանում, փոխանցում է Interfax-ը:
Այս մասին հայտնել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը` մասնավորապես ասելով. «Մենք երբեք չենք ասել, թե կուզեինք հեց վաղը ԵՄ-ի անդամ դառնալ, սակայն հեռավոր հեռանկարում ոչ ոք ոչինչ չի կարող բացառել»:
Նա նշել է, թե իրենք միշտ ցանկացել են «նորմալ հարաբերություններ» ունենալ ԵՄ-ի հետ: Պաշտոնյան ասել է, որ այժմ պետք չէ իրենցից պահանջել գլխապատառ ԵՄ վազել, նախ պետք է առևտրատնտեսական, հումանիտար հարաբերություններ կառուցել, իրենց ներդրումն ունենալ համաեվրոպական անվտանգության հարցում: Այդ կերպ մարդիկ կամաց-կամաց կզգան ԵՄ-ի գրավչությունը: ԵՄ-ն ևս պետք է աշխատի, որ այդպիսի ընկալում ունենա բելառուս ժողովրդի մոտ:
ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերությունների համար, ըստ պաշտոնյայի, Բելառուսին նախ հարաբերությունների ռազմավարություն է հարկավոր:
Առկա խնդիրների լուծումը Մակեյը տեսնում է Բելառուսի դեմ եվրոպական պատժամիջոցները չեղարկելու մեջ: Սակայն միևնույն ժամանակ նա չի ընդունել, որ Բելառուսում քաղբանտարկյալներ կան, որոնց ազատ արձակումն էլ ԵՄ-ի պահանջն է:










