«Գազպրոմն» ապրիլից չեղյալ է համարում Ուկրաինային տրամադրվող գազի զեղչը

15:40 • 04.03.14

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը որոշում է կայացրել ապրիլից չեղյալ համարել Ուկրաինայի գազի զեղչերը։ Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։

 

«Այս պայմաններում, երբ Ուկրաինան չի կատարում պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել լրացուցիչ պայմանավորվածությունը ստորագրելու ժամանակ, «Գազպրոմը» որոշել է զեղչեր չկիրառել հաջորդ ամսվա սկզբից»,-ասել է Միլերը։

 

Նրա խոսքով՝ ռուսական գազի դիմաց Ուկրաինայի ընդհանուր պարտքը 1 մլրդ 529 մլն դոլար է։ Անցյալ տարվա ընթացքում Ուկրաինան մարել է պարտքի 50 տոկոսից էլ քիչ մասը՝ 1.3 մլրդ դոլար։


Վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Գազպրոմի» այս որոշումը շատ իրավաչափ է որակել։


Մեդվեդևը Ֆինանսների նախարարությանը հանձնարարել է գնահատել Ուկրաինային 2-3 մլրդ դոլար վարկ տալու հնարավորությունը՝ ռուսական գազի պարտքը մարելու համար։