Թուրքիայում արգելվել է Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհին» սկանդալային ֆիլմը

13:30 • 04.03.14

Թուրքիայի իշխանություններն արգելել են դանիացի անվանի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի սկանդալային «Նիմֆոմանուհին» ֆիլմի ցուցադրությունը` բաց տեսարանների պատճառով, հայտնում է France - Presse-ը:

 

Ֆիլմի առաջին մասը ծրագրվում էր Թուրքիայում ցուցադրել մարտի 14-ին, երկրորդը` մարտի 21-ին: Ֆիլմն այդ երկրում պետք է ցուցադրվեր 18 տարեկանից բարձր հանդիսատեսի համար:

 

Թուրքիայի կինովարկանիշավորման վարչությունը, որում ներառված են մշակույթի, կրթության և ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ, երկուշաբթի որոշում է կայացրել արգելել ֆիլմը:

 

Վարչության որոշման հետ անհամաձայն անդամներից մեկը` Յամաչ Օքյուրը, ասել է, որ դա հավասար է գրաքննության:

 

Հունվարին Ռումինիայում ևս ֆիլմն արգելվել էր, սակայն այնուհետ ֆիլմն արգելած պաշտոնյան ազատվել էր աշխատանքից` մշակույթի գործիչների ճնշման տակ: Իսկ ֆիլմի արգելումը չեղյալ էր հայտարարվել:

Փետրվարին ֆիլմի ցուցադրությունը կասեցվել էր նաև Հայաստանում: