RT-ի հաղորդավարուհին եթերում քննադատել է ռուսական ներխուժումն Ուկրաինա (տեսանյութ)

12:34 • 04.03.14

RT հեռուստաընկերության հաղորդավարուհի Էբի Մարտինն իր Breaking the Set հաղորդման եթերում քննադատել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի «ռազմական օկուպացիան»: Հաղորդումը եթեր է գնացել երկուշաբթի՝ մարտի 3-ին, հայտնում է lenta.ru-ն։

 

Եզրափակելով հաղորդումը՝ Մարտինը հայտարարել է, որ ցանկանում է մի քանի խոսք ասել Ուկրաինայում երկարատև քաղաքական ճգնաժամի մասին:

«Այն, որ ես աշխատում եմ այստեղ՝ RT-ում, չի նշանակում, որ ես չունեմ խմբագրական անկախություն։ Ես ընդգծում եմ, որ կտրականապես դեմ եմ ինքնիշխան պետությունների գործերին ցանկացած պետության միջամտությանը: Այն, ինչ արել է Ռուսաստանը, ճիշտ չէ»,- ասել է նա:

 

Հաղորդավարուհին հավելել է, որ չի պատրաստվում պաշտպանել «ռազմական ագրեսիան» իր հաղորդման եթերում: Մարտինը հայտարարել է, որ ապրումակցում է բոլոր ուկրաինացիներին, որոնք դարձել են «իսկական պարտվողներ» «գերտերությունների շախմատում»:

 

Սոցիալական ցանցերում սկսել են հաղորդագրություններ հայտնվել, որ Էբի Մարտինի խոսքերը RT-ի ղեկավարությունը հեռացրել է, սակայն եթերի ձայնագրությունում այդ հատվածը կարելի է գտնել:

 

RT-ն ֆինանսավորվում է ՌԴ պետբյուջեից։