Մարգարիտա Սիմոնյանը RT-ի հաղորդավարուհու ուկրաինամետ դիրքորոշումը բացատրել է «ամերիկյան պրոպագանդայով»
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը բացատրել է, որ հեռուստաընկերության հաղորդավարուհի Էբի Մարտինը, որը քննադատել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի «ռազմական օկուպացիան», վատ է պատկերացնում իրավիճակը Ղրիմում և դարձել է «ամերիկյան պրոպագանդայի» զոհ: Այդ մասին նա հայտարարել է lenta.ru-ին:
«Չնայած տարածված կարծիքին՝ մենք չենք հարվածում մեր լրագրողների երիկամներին, և նրանք եթերում ասում են այն, ինչ մտածում են: Էբին, ըստ ամենայնի, մտածում է հենց այնպես, ինչպես արտահայտվել է, ինչն ինձ իհարկե զարմացրել է. դեռ վերջերս նա գրում էր, որ չի կարող Օբամային լուրջ ընդունել, երբ նա պաշտպանում է Ուկրաինայում ցուցարարներին, մինչդեռ ճնշում էր «Գրավիր Ուոլ Սթրիթը» բողոքի շարժումը»,- ասել է Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ Էբին իր հաղորդումներում սովորաբար պատմում է, թե ինչն է իրեն վրդովեցնում սեփական երկրում, այդ թվում՝ միջազգային հարցերում, ինչպես օրինակ, Սիրիայի ժամանակ:
«Դժբախտաբար, Էբին, ինչպես և նրա համերկրացիների մեծ մասը, ունի շատ քիչ պատկերացում, թե ինչ է իրականում տեղի ունենում Ղրիմում և ընդհանրապես Ուկրաինայում: Ամերիկյան քարոզչամեքենան, որը հենց ինքը Էբին քննադատում է իր ամեն թողարկման մեջ, այնքան հզոր է աշխատում, որ կարողանում է լվալ անգամ ամենախելացիների և ամենակրքոտների ուղեղը: Մենք է՛լ ավելի ուժեղ կշարունակենք դրան դիմակայել: Եթե Էբին մեզ հետ մնա այդ դիմակայության մեջ, ես ուրախ կլինեմ, եթե ոչ՝ դե ինչ, շատ ցավում եմ»,- ասել է նա:










