Յանուկովիչը խնդրել է Պուտինին օգտագործել ՌԴ զինուժն Ուկրաինայի բնակչության պաշտպանության նպատակով

09:12 • 04.03.14

Ռուսաստանի Դաշնության նախագահն Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչից գրավոր խնդրանք է ստացել ռուսական զինված ուժերն Ուկրաինայի բնակչության պաշտպանության նպատակով օգտագործելու վերաբերյալ. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։

 

«Այսօր ես լիազորված եմ հաղորդել նաև հետևյալը. ՌԴ նախագահը հետևյալ դիմումն է ստացել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչից։ Մեջբերում եմ. «Որպես Ուկրաինայի օրինական ընտրված նախագահ՝ հայտարարում եմ. իրադարձությունները Մայդանում, իշխանության անօրինական զավթումը հանգեցրել են նրան, որ Ուկրաինան հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին։ Երկրում իշխում է քաոսն ու անօրինականությունը։ Մարդկանց կյանքն ու անվտանգությունը, հատկապես երկրի հարավ-արևելքում և Ղրիմում, վտանգի տակ են։ Արևմտյան երկրների գործողությունների արդյունքում բացահայտ ահաբեկչություն և բռնություն է տեղի ունենում։ Մարդկանց հետապնդում են քաղաքական և լեզվական պատճառներով»,-ասել է Չուրկինը։

 

Յանուկովիչը նաև կոչ է արել Պուտինին օգտագործել ՌԴ զինուժը՝ Ուկրաինայում օրինականության, խաղաղության, կայունության հաստատման և ժողովրդի պաշտպանության նպատակով։