Աշխարհի ամենատարեց մարդն այսօր նշում է 116-ամյակը

10:49 • 05.03.14

Աշխարհի ամենատարեց մարդը` ճապոնուհի Միսաո Օկավան, այսօր նշում է իր 116-ամյակը, հայտնում է The Daily Mail-ը:

 

Ճապոնուհին աշխարհի ամենատարեց բնակչի տիտղոսը ստացել է անցած տարվա հունիսին, ինչը հաստատվել է Գինեսի ռեկորդների գրքի պատվոգրով:

 

Մինչ այդ ամենատարեց մարդը նրա հայրենակից Ձիրոեմոն Կիմուրան էր, որն անցած տարի մահացել է 117 տարեկանում:

Երկարակյաց են նաև ճապոնուհու զավակները. որդին 94, իսկ դուստրը 92 տարեկան է:

 

Ճապոնուհին ասել է, որ իր երկար կյանքի ամենաերջանիկ պահը եղել է ամուսնությունը և երեխաների ծնունդը: Կյանքի ամենատխուր դեպք է անվանել ամուսնու մահը, ով կյանքից հեռացել է 83 տարի առաջ:

 

Երկարակեցության գաղտնիքների շարքում Օկավան նշել է առողջ սննդակարգը և լավ քունը: Նա օրական քնում է 8 ժամից ոչ պակաս, օրական երեք անգամ հաց է ուտում: