Պատանի երկրապահները երդվեցին Վազգեն Սարգսյանի շիրիմին, կոտրեցին Ադրբեջանի դրոշը (տեսանյութեր)
Պատանի երկրապահները ցուցադրական ելույթներով հանդես եկան սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ Եռաբլուր պանթեոնում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, ինչպես նաև տվեցին իրենց երդումները:
Ցուցադրական վարժություններով հանդես եկան պատանի երկրապահների տարբեր շրջանների ստորաբաժանումներ, նրանք նաև կոտրեցին Ադրբեջանի դրոշը՝ պատկերված պեմզաբլոկի վրա:
Հանդիսավոր ելույթներով հանդես եկան ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ:
Երդման արարողության կապակցությամբ շնորհավորելով պատանի երկրապահներին՝ Սեյրան Օհանյանն ասաց. «Մենք նորից Եռաբլուրում ենք: Հայ ժողովրդի նորօրյա պատմությունը խոսում է այն մասին, որ մենք այսօր էլ պայքարով ենք ապահովում մեր անկախությունը և նաև ազատ ապրելու իրավունքը: Այսօր մենք գերադասել ենք ոչ թե լավ կահավորված դահլիճներում մեծարանքի խոսքեր ասել մեր զոհված ընկերների հասցեին, այլ գտնվել Եռաբլուրում, որտեղ բոլորս հավասար ենք»:
Վերադառնալով սպարապետին՝ Սեյրան Օհանյանն ավելացրեց. «Վազգեն սպարապետն այն անհատներից էր, որի նվիրումի շնորհիվ մենք կարողացանք ոտքի հանել մեր ժողովրդին: Այսօր մենք նաև յուրովի հաշվետվություն ենք տալիս և՛ երկրապահներին, և՛ սպարապետին»:










