Ակցիայի մասնակիցներին ազատ արձակեցին Ոստիկանությունից (տարբերակ 5)
16։19
Քիչ առաջ Ոստիկանության կենտրոնական բաժանմունքից բաց թողեցին նաև ակցիայի մյուս երկու մասնակիցներին՝ Անտոն Իվչենկոյին և Լալա Ասլիկյանին:
Մոտենալով Ակցիայի մասնակիցներին՝ Անտոն Իվչենկոն ասաց, որ ոստիկանները շատ քաղաքակիրթ են պահել իրենց: «Թույլ են տվել հեռախոսով խոսել, բացատրություն չեմ գրել, որևէ թղթի տակ չեմ ստորագրել»,- ասաց Անտոն Իվչենկոն:
Ակցիայի մասնակիցները հեռացան Ոստիկանության շենքի մոտից:
15։32
Էդգար Մկրտչյանին ազատ արձակեցին։
15:28
Ակցիայի մասնակիցները Ոստիկանության կենտրոնական բաժանմունքի շենքի մոտ են, որտեղ իրենց 4 ընկերներն են:
Սակայն այստեղ ակցիայի մասնակիցները հանդիպեցին ոստիկանական պատի:
Նրանց թույլ չի տրվում մոտենալ շենքի մուտքին: Ինչպես Tert.am-ին տեղեկացրեց ոստիկան Ռոբերտ Մանուկյանը՝ «տարածքը հատուկ նշանակության է»:
Շենքի տարածքում հավաքվածները որևէ տեղեկություն չունեն շենքի ներսում գտնվող իրենց ընկերներից 3-ի մասին, քանի որ հեռախոսներն անջատված են: Իսկ բերման ենթարկված 4 անձանցից մեկին՝ Տիգրան Պարսիլյանին, արդեն բաց են թողել:
Վերջինս Tert.am-ին տեղեկացրեց, որ իրեն Ոստիկանությունում խուզարկել են, իսկ հետո տեղեկացրել, որ չի կատարել ոստիկանության օրինական պահանջը, ինչի տակը ինքը չի ստորագրել:
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են բաժանմունքի առջև սպասել մյուս երեք ընկերներին:
Մի խումբ քաղաքացիներ եկել էին Ուկրաինայի դրոշով և «Путин-геть», «Мир - народам, война - властям!» բովանդակությամբ ցուցապաստառներով։ Ցուցարարները վանկարկում էին «Պու–տին՝ ֆա–շիստ»։
Մասնակիցները, որոնց շարքերում է նաև Մայդանի պաշտպանության կոմիտեի անդամ, լրագրող Գայանե Առուստամյանը, շարժվում են դեպի ոստիկանություն, որտեղ իրենց ընկերներն են:
«Ոչ պատերազմին» կարգախոսով մի խումբ քաղաքացիներ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ցույց են իրականացնում։ Ցույց մասնակիցներին սակայն ոստիկանությունը արգելեց կանգնել դեսպանատան դիմաց և փորձեց նրանց տեղափոխել դիմացի մայթ, ինչի հետևանքով էլ առաջացավ հրմշտոց։
Արդյունքում երեք ցուցարարների ոստիկանությունը բերման ենթարկեց՝ Լալա Ասլիկյանին, Տիգրան Պարսիլյանին և Անտոն Իվչենկո։
Նշենք, որ դեսպանատան մոտ են հավաքվել նաև «Ժառանգություն» կուսակցության անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Դավիթ Սանասարյանը, այստեղ են նաև ԱԻՄ անդամներ, ինչպես նաև ներկայացուցիչներ «Նախախորհրդարանից»:










