Սերգո Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանին

14:21 • 05.03.14

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին, այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ , նախարարը համոզմունք է հայտնել, որ նրա ջանքերով հայ-հոլանդական հարաբերությունները, մասնավորապես գյուղատնտեսության բնագավառում, կհասցվեն զարգացման նոր մակարդակի:


Դեսպան Հորբախը պատրաստակամություն է հայտնել ըստ ամենայնի աջակցել Հայաստանի և Նիդեռլանդների Թագավորության գյուղատնտեսության նախարարությունների միջև կապերի սերտացմանը և նշել, որ հայ-հոլանդական հարաբերությունները գյուղատնտեսության բնագավառում զարգացման մեծ հեռանկար ու ներուժ ունեն:


Այնուհետև հյուրի խնդրանքով նախարարը հակիրճ ներկայացրել է ոլորտի ներկա վիճակը, զարգացման միտումներն ու ռազմավարական ծրագրերը: Առաջնահերթությունների շարքում նախարարը ներկայացրել է հողերի լիարժեք և արդյունավետ մշակման, գյուղատնտեսական կոոպերացիայի համակարգի ներդրման, սննդամթերքի անվտանգության կարողությունների ուժեղացման, անասնաբուծության և տոհմային գործի բարելավման, սերմարտադրության զարգացման հարցերը:


Նա հատկապես կարևորել է ջերմոցային տնտեսությունների զարգացման հոլանդական առաջավոր փորձի ուսումնասիրումն ու կիրառումը մեզանում, ակնկալելով հոլանդացի մասնագետների աջակցությունը:


Հիմնավորելով հարցի անհրաժեշտությունը, նախարարը ցանկություն է հայտնել այս տարի Նիդեռլանդների Թագավորությունում կազմակերպել գյուղատնտեսության հարցերին նվիրված բիզնես-ֆորում:


Դեսպան Հորբախը նշել է, որ Հոլանդիայի կառավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ: 2014 թվականի ամռանը Նիդեռլանդների Էկոնոմիկայի նախարարությունն սկսելու է ֆինանսավորել «Մասնավոր սեկտորի նախաձեռնություն» թեմայով նոր ծրագրեր: Ուստի և պատրաստ է այդ նպատակով քննարկել ագրոպարենային ոլորտին վերաբերող ներկայացված ցանկացած ծրագիր։


Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն անդրադարձել է նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուն, նշելով. «Այդ հանգամանքը չի անդրադառնում Եվրամիության հետ մեր հարաբերությունների հեռանկարին, վերջինիս հետ մեր ծրագրերը շարունակվում են և պիտի աշխատենք ավելի խորացնել ու ընդլայնել դրանք»: