Կիևում դիպուկահարներին վարձել են Մայդանի առաջնորդները. Էշթոնի և Էստոնիայի ԱԳ նախարարի գաղտնալսված հեռախոսազրույցը
Համացանցում է հայտնվել ձայնագրություն, որտեղ ԵՄ արտաքին հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնը զրուցում է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ, և վերջինս պնդում է, որ դիպուկահարներին վարձել են Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները, տեղեկացնում է Russia Today-ը։
Ձայնագրությունը հայտնվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցների մոտ։
Եվրոպացի գործիչները հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են իրենց տպավորություններն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Հեռախոսազրույցի ընթացքում Պաետը նշում է, որ դիպուկահարներին, որոնք կրակել են մարդկանց վրա, վարձել են Մայդանի առաջնորդները։
Նա նշում է, որ իրեն ցույց տրված բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ ցուցարարներին և իրավապահ մարմինների ներկայացուցիչներին կրակել են նույն դիպուկահարները։
«Շատ տագնապալի է, որ նոր կոալիցիան չի ցանկանում հետաքննել այդ դեպքերը, և այժմ ավելի հստակ է դառնում, որ այդ դիպուկահարների հետևում կանգնած է ոչ թե Յանուկովիչը, այլ ինչ-որ մեկը՝ նոր կոալիցիայից»,-ասել է նա։










