ԱՄՆ-ն մեղադրել է իր հետախուզությանն Ուկրաինայում Պուտինի պլանների սխալ գնահատականի համար

11:31 • 05.03.14

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խիստ հետաքրքրված է, թե ինչու ԱՄՆ-ն տեղյակ չի եղել «Ուկրաինա ներխուժելու» Ռուսաստանի պլանների մասին, գրում է echo.msk.ru-ն: Այդ մասին հանրապետական Մայք Ռոջերսը պատմել է տեղի լրագրողներին:

 

Նրա խոսքով՝ պարզ չէ, թե ինչպես է ստացվել, որ հետախուզությունը ոչինչ չգիտեր նախագահ Վլադիմիր Պուտինի պլանների մասին: Այդպես, փետրվարի վերջին հետախուզական խումբը տեղեկացրել է, որ ռուսական զորքերի զորավարժանքները ոչ մի կապ չունեն Ուկրաինայի իրավիճակի հետ և չեն նախատեսում ներխուժում: Սակայն այլ հետախուզական կազմակերպություններ, մասնավորապես՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը, հաղորդում էին ճիշտ հակառակը, նշել է Ռոջերսը:

 

Նրանց տվյալներով՝ զորավարժությունները և Ղրիմում օբյեկտների գրավումը եղել էր Ուկրաինա Ռուսաստանի ուղղակի ներխուժման պատրաստություն: Կոնգրեսականի խոսքով՝ դեռ վաղ է խոսել այն մասին, որ պետական հետախուզությունը տապալել է աշխատանքը, սակայն աշխատակիցները կենթարկվեն ծառայողական ստուգման ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հատուկ հանձնաժողովի կողմից:

 

Միևնույն ժամանակ Մայք Ռոջերսը տեղի ունեցածի համար արդարացում է գտել: Նրա խոսքով՝ հետախուզության տարբեր խմբերի եզրակացությունների միջև տարբերությունը կարելի է բացատրել վերլուծաբանների աշխատանքի տարբեր ոճերով: