«Դեպոյի» բնակիչներին որպես փոխհատուցում առաջարկում են «խոզաբուն», չհեռանալու դեպքում սպառնում դուրս շպրտել «շան պես» (տեսանյութ)

22:19 • 05.03.14

Արցախի 32 հասցեի բնակիչներն ահազանգում են՝ Կառավարությունը և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փորձում են իրենց վտարել Երևանի վագոնային դեպոյի վարչական շենքից, որտեղ ապրում են տարիներ շարունակ, և ստիպողաբար տեղափոխել կոմունալ ոչ մի հարմարություն չունեցող բնակարաններ։


Բնակիչները, ովքեր հիմնականում «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցներ են, Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ դժգոհ են ոչ թե նրանից, որ ընկերությանը պատկանող հատուկ պահպանվող գոտուց իրենց տեղափոխում են, այլ՝ անհամաչափ փոխհատուցումից։ Այն բնակարանները, որոնք առաջարկվում են, բնակիչները «խոզանոցի» հետ են համեմատում, որտեղ կենցաղային տարրական պայմաններ չկան. սանհանգույցներն ընդհանուր են 11 ընտանիքների համար, խոհանոց նույնպես չկա, միայն 4 պատերն են, այն էլ՝ կիսաքանդ։


Բնակիչների ներկայիս պայմաններն առաջարկվող նոր «բնակարանների» հետ համեմատել մեզ չհաջողվեց՝ տարածք մուտք գործել չկարողանալու պատճառով. բնակիչներից բացի կողմնակի անձինք տարածք կարող են մտնել միայն անցաթղթով, իսկ անցաթուղթ ստանալ մեզ այդպես էլ չհաջողվեց։


Բնակիչներն ահազանգել էին Tert.am–ի խմբագրություն՝ նշելով, որ եկել են ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղու» համապատասխան ներկայացուցիչները և ստիպում են ստորագրել մի փաստաթղթի տակ, ըստ որի՝ իրենք համաձայն են տեղափոխվել նշված բնակարաններ, հակառակ դեպքում՝ սպառնացել էին, որ Ոստիկանությունը նրանց «շան պես» ապրիլից դուրս կշպրտի։


Վերոնշյալ ներկայացուցիչներին մենք չհանդիպեցինք, քանի որ, ըստ բնակիչների՝ լսելով լրագրողի գալու մասին՝ նրանք ձեռնունայն հեռացել են։ Բնակիչներն իրենց դժգոհությունները մեզ փոխանցեցին՝ մոտենալով տարածքի մուտքին։


Նշենք, որ 2008թ. Հայաստանի երկաթգիծը կոնցեսիոն կառավարման սկզբունքով հանձնվել է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին և համաձայն Կառավարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրի կետերից մեկի՝ երկաթգծի գույքը` ակտիվները, հանձնվել է ընկերությանը։ Մինչդեռ կայարաններին պատկանող տարածքներում տարիներ շարունակ բնակություն են հաստատել քաղաքացիներ, ովքեր դեռ սովետական տարիներից սկսած աշխատել են դեպոյում։ Արդյունքում կողմերը պարտավորվել էին գույքն ազատել, իսկ բնակիչներին բնակարաններով ապահովել։


Իսկ թե ի՞նչ բնակարաններ, ներկայացրին բնակիչները. «Երկար տարիներ ապրում ենք այս հիմնարկում, աշխատում ենք այս հիմնարկում, այսօրվա դրությամբ մեզ մի փոքրիկ քառակուսի են հատկացրել Անիի ավերակներից վատ վիճակով, ու մեզ հանում են տարածքից, քանի որ ասում են, որ այստեղ բնակիչ չպետք է լինի։ Մենք էլ բողոքում ենք նրա համար, որ բնակարանը ոչ թե բնակարան է, այլ խոզաբուն՝ ոչ կանալիզացիա կա, ոչ ջուր, ոչ լույս, ոչ մի հարմարություն, 4 պատ ու ասում են՝ գնա, հարմարվի, ապրի, սարքի։ Եթե մարդիկ աշխատանք չունեն, թոշակառու են ու ինվալիդ, ո՞նց պետք է սարքեն։ Էն սով ու մութ տարիներին գոյատևել ենք, ապրել ենք ու այսօրվա օրը ոտնահարվա՞ծ ենք։ Չէ՞ որ մենք նախագահին վստահել ենք ու ընտրել ենք»,-ասաց բնակիչներից մեկը։


Բնակիչներից Լարիսա Հակոբյանն էլ նշեց, թե իրենք ղեկավարության որոշումից տեղյակ չեն, ինչպես է պայմանավորվածություն եղել, որ պետք է տեղափոխվեն։ «Որոշումը ղեկավարությանն է, մեզ որոշում ցույց չեն տալիս։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ հանրակացարանում ենք, երկու գծերի արանքում, ամբողջ հանրապետությունը գիտի, որ սա սեփականաշնորհման ենթակա չէ, բայց մեզ փոխարենը տալիս են այնպիսի սենյակներ, որ սենյակ էլ չեն, քանդված են, տարիների ընթացքում էնքան ջրեր են գնացել, որ մանրահատակը պատալոկ ա հասել, էնքան ա ուռել բարձրացել, ոչինչ չունի։ Բողոքում եմ՝ ասում են, ջակուզի ես ուզո՞ւմ, ասում եմ՝ ոչ, տարրական կոմունալ հարմարություններ»,-ասաց նա։


Լարիսա Հակոբյանի խոսով՝ իրենց ներկայիս պայմաններն էլ լավը չեն, բայց համեմատած առաջարկի հետ՝ «թագավորական» են թվում. «Երբ 25 տարի է ապրում եմ այստեղ ու սա համարում եմ թագավորական տեղ, դե պատկերացրեք՝ էնտեղ ինչքան վատ է»։


Բնակիչներից Նաիրա Հովհաննիսյանը նշեց, որ իրեն առաջարկում են 24 քմ տարածք, որտեղ պետք է ապրի ինքը՝ երկու երեխաները ու մայրը, իսկ տղան շուտով բանակ պետք է գնա։ «Ասում եմ լավ, բա սանհանգո՞ւյցը, բա խոհանո՞ցը, ի՞նչ է լինելու սրա վերջը, ասում ա էսա, ասում եմ բայց չէ՞ որ էսա շուտով զինվոր եմ ուղարկում, գնում ա, քո համար ա ծառայելու, իմ համար, բոլորի համար, զինվորը գա՝ որտե՞ղ ապրի, դո՞ւրսը քնի, ինչի՞ համար հայտնվեմ փողոցում»,-դժգոհեց նա։


Մի կին էլ շեշտեց, թե ՀՀԿ ակտիվիստ է եղել ու նախագահ Սերժ Սարգսյանի համար ձայներ է հավաքել։ «Ինչի՞ համար, որ մեր վիճակը բարելավի, 13 անձից բաղկացած իմ ընտանիքը՝ բոլորիս միասին տվել են 42 քմ, էն դեպքում, երբ 24 քմ տղաս ուներ, 24՝ աղջիկս, 60 քմ էլ մենք ենք զբաղեցնում»,-ասաց նա։


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի խոսնակ Վահե Դավթյանը չեկավ, այլ՝ հեռախոսով պարզաբանում տվեց ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ բնակիչների տեղափոխության հարցով զբաղվում է Տրանսպորտի և կապի նախարարության անմիջական համաձայնությամբ։


Իսկ թե ինչ պատճառով է որոշվել տեղափոխությունը՝ մամուլի խոսնակը պարզաբանեց. «Որովհետև դեպոն հանդիսանում է բարձր վտանգի տարածք, արտադրական տարածք, բնականաբար ֆիզիկական անձի բնակություն հաստատելը նպատակահարմար չէ ընդհանրապես, նախևառաջ՝ ելնելով անվտանգության խնդիրներից։ Հարցը քննարկման է դրվել, և համապատասխան որոշում է կայացվել նախարարության կողմից, որը և հանդիսանում է ընկերության վերահսկիչ մարմին»,-ասաց նա։


Մեր դիտարկմանը, թե փաստորեն ամեն դեպքում ընկերությունն է դիմել նախարարությանը, որ բնակիչներին տեղափոխեն ավելի «անվտանգ» տարածք, Վահե Դավթյանը ասաց, որ իրենց միջամտությամբ է Կառավարությունը տեղափոխության որոշում կայացրել։


Վերջիս խոստացավ «գույքի վարչությունից» ճշտել և պատասխանել տասը րոպեից, սակայն անպատասխան թողեց մեր հետագա հեռախոսազանգերը։