Եվրոպայի քաղաքական գործիչները պատրաստ են սատարել ցանկացած հեղափոխության, բայց ոչ իրենց տանը. ԶԼՄ-ներ

10:22 • 05.03.14

Եվրոպայում կաջակցեն ցանկացած հեղափոխության, եթե այն տեղի չի ունենում իրենց սեփական տանը։ Այս մասին չորեքշաբթի գրել է բելգիացի վերլուծաբան և էսսեիստ Ժան-Ֆրանսուա Կանը Soir թերթում, փոխանցում է Взгляд-ը։

 

«Այսօր նորաձև է հիանալ հեղափոխություններով, որտեղ էլ դրանք տեղի ունենան՝ Կիևում, Կահիրեում, Բանգկոկում, Կարակասում: Անգամ եթե իշխանությունն ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով՝ դա ընդամենը մի տհաճ մանրուք է, այն կտապալենք ժողովրդի կամքով»,- գրել է նա՝ մեկնաբանելով ժամանակակից եվրոպական ԶԼՄ-ների ընդհանուր տոնը:

 

«Ենթադրենք, որ Ֆրանսիայում, որտեղ բնակչության 73 տոկոսը հասարակական կարծիքի հարցումներով դժգոհ է նախագահից, տնտեսական վիճակը փոքր-ինչ էլ վատթարանա: Ընդդիմությունը հսկայական ցույց կազմակերպի Փարիզի կենտրոնում, որտեղ կհավաքվեն բոլոր դժգոհողները: Մարդիկ կլցվեն Համաձայնության հրապարակը, կզբաղեցնեն վարչական շենքերը և տեղից չեն շարժվի: Ի՞նչ ենք մենք անելու: Ցույց կտա՞նք նույն հեղափոխական եռանդը: Թե՞ կարձագանքենք այնպես, ինչպես դա անում են ռուսական ԶԼՄ-ները»,- գրել է նա:

 

«Ինչո՞ւ Եվրոպան կարգուկանոնի կոչ չի անում Կիևում նոր իշխանություններին, որոնք օրենք են ընդունում, որով երկրի ռուսախոս բնակիչներին ստիպում են ճանաչել ուկրաիներենը որպես միակ պետական: Կարո՞ղ եք նման նախաձեռնություն պատկերացնել Բելգիայում»,- գրել է նա: