The New York Times-ը հրապարակել է մոտ 160 տարի առաջ գրված հոդվածի ուղղումը

11:54 • 05.03.14

Ամերիկյան The New York Times պարբերականը հրապարակել է մի հոդվածի ուղղում, որը տպագրվել է 1853թ. հունվարի 20-ին, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Այդ հոդվածը պատմում է Սոլոմոն Նորտափի կյանքի պատմությունը, ազատ աֆրոամերիկացի, ում առևանգում և վաճառում են ստրկության։ Նորտափի հուշագրությունների հիման վրա նկարահանվել է «Ստրկության 12 տարիներ» ֆիլմը, որն այս տարի «Օսկար» մրցանակի է արժանացել՝ որպես լավագույն ֆիլմ։

 

«Հոդվածի տեքստում Սոլոմոնի ազգանունը սխալմամբ տպվել է «Նորտրոփ», սխալ է թույլ տրված եղել նաև վերնագրում՝ «Նորտրափ»։ Սխալը հայտնաբերվել է երկուշաբթի՝ Twitter-ի օգտատերերից մեկի շնորհիվ, ով The New York Times-ի արխիվում փնտրել է այդ հոդվածը»,- նշված է պարբերականում։

 

Սխալը նկատել և այդ մասին հայտնել է ամերիկացի լրագրողուհի Ռեբեկա Սքլուտը՝ գիտական նյութերի հեղինակ, ում նյութերը տպագրվում են նաև The New York Times-ում։ «Հեգնանքը նրանում է, որ այդ սխալը նկատել եմ հենց ես, որ միշտ խնդիրներ եմ ունեցել ուղղագրության հետ»,- կատակել է Սքլուտը։