Օբամային համեմատել են Հիտլերի ու Ստալինի հետ

15:12 • 05.03.14

Կալիֆոռնիայի նահանգապետի հանրապետական թեկնածու Թիմ Դոնելին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարած հրազենային զենքի վերահսկողության խստացման քաղաքականությունը համեմատել է Հիտլերի, Ստալինի և Կիմ Չեն Իրի քաղաքականության հետ։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ The Washington Times-ին հղումով, հանրապետական թևի ներկայացուցիչը ներկայացրել է սխեմա, որտեղ թվարկված են զենք կրելու կողմնակիցներն ու նրանք, որոնք աջակցում են խիստ վերահսկողությանը։

 

Զենք կրելու կողմնակիցների թվում են հայտնվել Ջորջ Վաշինգտոնը, Թոմաս Ջեֆերսոնը, Ջեյմս Մեդիսոնը, Աբրաամ Լինքոլնը, Մահաթմա Գանդին և այլ առաջնորդներ, իսկ Ադոլֆ Հիտլերի, Իոսիֆ Ստալինի, Մաո Ցզեդունի և Բարաք Օբամայի անունները թվարկված են այն անձանց շարքում, որոնք կողմ են սահմանափակումներին։

 

«Երբ կառավարությունը դառնում է ամենամեծ սպառնալիքը՝ ուղղված մարդու իրավունքներին, դա ողբերգություն է։ Ես ներողություն չեմ խնդրի իմ ասածների համար։ Մեր նախագահը գործում է որպես միապետ»,-ասել է նա։

 

Բարաք Օբաման առաջարկել էր ծայրահեղ քայլեր ձեռնարկել զենքի վաճառքի վերահսկողության հարցում՝ 2012թ.-ի դեկտեմբերին Նյութաունի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո։