Օբաման ու Մերկելն Ուկրաինայի հարցով բանակցություններ են անցկացրել

09:36 • 05.03.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեքշաբթի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ ընդգծելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։

 

Ըստ Սպիտակ տան հայտարարության՝ քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպես Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև իրավիճակի թեժացումից խուսափելու անհրաժեշտությունը, «այդ թվում՝ միջազգային դիտորդներ և մարդու իրավունքների մոնիթորինգային խմբեր ուղարկելու միջոցով»։

 

Օբաման և Մերկելը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների կոչ են արել։ «Նրանք քննարկել են նաև Ուկրաինայի կառավարությանն աջակցության շարունակության անհրաժեշտությունը, որն աշխատում է տնտեսության կայունության ուղղությամբ և պատրաստվում է ընտրությունների»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրությունում։