ԵԱՀԿ դիտորդներին թույլ չեն տվել մտնել Ղրիմ

17:15 • 05.03.14

Ուկրաինա ուղարկված ԵԱՀԿ ռազմական դիտորդներին թույլ չեն տվել մտնել Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք, հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչյուսին։

 

«Որքան ես գիտեմ՝ նրանց թույլ չեն տալիս մուտք գործել»,- ասել է նախարարը և հույս հայտնել, որ, այնուամենայնիվ, կհաջողվի պայմանավորվել Ղրիմի ղեկավարության հետ։ Լինկյավիչյուսը նշել է, որ տեղի իշխանություններն «այնքան էլ լավ կոնտակտի մեջ չեն մտնում այլ կազմակերպությունների հետ»։

 

Ուկրաինա ռազմական դիտորդներ ուղարկելու որոշումը ԵԱՀԿ երկրները կայացրել են ուկրաինական իշխանությունների խնդրանքով, որոնք վստահեցրել են, որ Ղրիմը ենթարկվում է Ռուսաստանի կողմից «օկուպացման»։ Խոսքը ոչ թե տվյալ կազմակերպության մանդատով պաշտոնական առաքելության մասին է, այլ ԵԱՀԿ-ի կազմում գտնվող առանձին երկրների կողմից դիտորդներ ուղարկելու մասին։

 

Ընդհանուր առմամբ, իրենց ներկայացուցիչներին Ուկրաինա են որոշել ուղարկել 18 երկրներ, ներառյալ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան։ Դիտորդները զենք չեն ունենա։

 

Առաքելությունը նախատեսված է դեռևս մեկ շաբաթով՝ մարտի 5-12-ը։ Հանդիպման վայրը նախատեսված էր Օդեսան։