Հրապարակվել են Սարկոզիի մասնավոր խոսակցությունները

18:15 • 05.03.14

 Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտնվել է սկանդալի կենտրոնում, որն առաջացել է նրա նախագահության տարիներին մասնավոր բանակցությունների ձայնագրությունների հրապարակվելու պատճառով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Մի քանի ձայնագրությունների տեքստեր հրապարակվել են տեղական հումորիստական Le Canard Enchaine ամսագրի և լրատվական Atlantico կայքի կողմից: Նախկին նախագահի խոսակցություններից հետևում է, որ նա արհամարհանքով էր արտահայտվում որոշ նախարարների մասին, իսկ նրանք վրդովվում էին նրանից, որ կարևոր հանդիպումներին ներկա էր լինում նախագահի կինը՝ Կառլա Բրունին:

 

Չնայած այլ վարկաբեկող նյութեր Սարկոզիի մասին դեռ չեն հրապարակվել, դրանք դեռ կարող են հայտնվել: Լրագրողները պնդում են, որ նրանք տիրապետում են նախագահի խոսակցությունների հազար ժամ ձայնագրության:

 

Ինքը՝ Սարկոզին, ինչպես նաև շատ ֆրանսիացի քաղաքական գործիչներ, տեղի ունեցածն անվանել են «զզվելի և անընդունելի»: Նախկին նախագահին դավաճանելու համար մեղադրում են նրա նախկին քաղաքական խորհրդատու Պատրիկ Բիսոնին, որը չի հերքում, որ ինքն է արել ձայնագրությունները:

 

Նա, սակայն, պնդում է, որ ձայնագրել է նախագահական խոսակցությունները մասնագիտական նպատակով: Նրա խոսքով՝ ձայնագրությունները, որոնք հայտնվել են մամուլում, գողացել են իրենից:

 

Ինչպես նշում են դիտորդները, նախկին նախագահը ծանր շաբաթ է ունենալու, եթե ոչ ամիսներ: Դա կարող է խախտել 2017 թվականին քաղաքականություն վերադառնալու նրա նպատակները: