Վազգեն Սարգսյանի նման կերպարներին ժամանակն է ծնում. սպարապետն այսօր կդառնար 55 տարեկան

08:41 • 05.03.14

Ինչպես Ջուզեպպե Գարիբալդին, այնպես էլ Վազգեն Սարգսյանը իր մարտական ընկերների համար կմնա որպես մի թանկ հասկացություն և անմոռաց մեր բոլորի հիշողության մեջ։ Արցախյան ազատամարտի մասնակից, գրականագետ Վարդան Դևրիկյանը սպարապետի ավանդն այսպես բնութագրեց և ընդգծեց, որ ժողովրդական ակունքների մեջ է նրա հմայքը, որի շնորհիվ էլ հավատ ձևավորվեց նրա անձի նկատմամբ:

 
«Վազգենի յուրահատկությունն այն էր, որ միաժամանակ թե՛ նախարարությունում էր, թե՛ սիրում էր զորակոչիկների հետ ռազմաճակատ տեղափոխվել: Ժողովուրդն ամենից շատ գնահատում է նրա նվիրվածությունը»,- ասաց նա:


Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է այսօր: Նախկին վարչապետն ու պաշտպանության առաջին նախարարն այսօր կդառնար 55 տարեկան: Վազգեն Սարգսյանը եղել է «Երկրապահ» կամավորական ջոկատի հրամանատարը, (1990-1992թթ), «Միասնություն» դաշինքի համանախագահը։ Արժանացել է ՀՀ ազգային հերոսի, Արցախի հերոսի կոչման։ «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ է։ 1999-ի հոկտեմբերի 27-ին նա ԱԺ դահլիճում տեղի ունեցած ոճրագործության զոհ դարձավ:

 

Իսկ թե ինչու Վազգեն Սարգսյանը ժողովրդի կողմից ստացավ սպարապետի կոչումը, Վարդան Դևրիկյանը նշեց, որ Արցախյան պատերազմի օրերին Հայաստանը նոր էր ձևավորվում որպես պետություն և չուներ բանակ. Վազգեն Սարգսյանը բոլոր դժվարություններն իր վրա վերցրեց:


«Օրինակ՝ վաղը մյուս օրը, եթե պատերազմական գործողություն լինի, մենք պաշտպանության նախարարին սպարապետ չենք ասի: Ոչ թե նրա համար, որ նա իր որակական հատկանիշներով զիջում է, այլ պարզապես այսօրվա ժամանակում, երբ կայուն ձևավորված պետություն ու բանակ ունենք, արդեն բոլորն իրենց տեղերում են՝ համապատասխան պաշտոններ և պատասխանատվություններ ունեն: Դրա համար, երբ ես Վազգեն Սարգսյանի հիշատակին հոդված էի գրել, գրել էի, որ Աստված չանի, որ մենք երբևէ նորից սպարապետի կարիք ունենանք»,- ասաց նա և ընդգծեց, որ Վազգեն Սարգսյանի նման կերպարների ժամանակն է ծնում:


Ներքին գործերի նախկին փոխնախարար Սուրեն Աբրահամյանը, ով Վազգեն Սարգսյանի ընկերներից է եղել, բնութագրեց վերջինիս իբրև «սոսկալի» կոլորիտային մարդ:

 

«Վազգենն իր էությամբ մոմի խորհուրդ ուներ: Ինքը վառվում էր, շրջապատին լույս էր տալիս, մեջը սրբություն կար, իր սկսած գործի խանգարողների թևերն էր այրում և ինքն էլ այրվում էր՝ շրջապատին լույս տալով: Ինքը շատ էր կարևորում երկրի միասնականությունը, որովհետև մեր բոլորիս հաջողությունները եղել են միայն այն ժամանակ, երբ մենք մեր ուժերին ենք հավատացել ու ազգովի համախմբվել ենք»,- ասաց նա:

 
Սուրեն Աբրահամյանը ցավով նշեց, որ այսօր մենք չունենք սպարապետի երազած հայրենիքը, քանի որ շատ բան փոխվեց նրա մահից հետո:


«Այսօր ազգին պակասում է ոգեղեն մթնոլորտը: Այն ժամանակները երկրի սոցիալ-տնտեսական վիճակը լավ չէր, երկիրը պատերազմի մեջ էր, բայց ես իր հետ Սյունիքում ու Արցախում էի լինում ու պետք է ասեմ, որ մարդկանց զգացմունքները հիմնականում ոգեղեն էին, նյութապաշտությունը երկրորդ-երրորդ տեղում էր: Մարտի դաշտում բոլորը միայն մտածում էին երկրի ապագայի մասին, և չեք պատկերացնում՝ ինչ հրաշալի պահեր էին: Հոկտեմբերի 27-ից հետո սկսեց ամեն ինչի գունավորումը, առաջ էլ կար անարդարություն, բայց դրանից հետո եկավ ընդգծված անարդարություն, ընդգծված թալան»,- ասաց նա:

 
Միաժամանակ Սուրեն Աբրահամյանը նշեց, որ Վազգեն Սարգսյանի կերպարը միշտ էլ հասարակության լայն շերտերի համար հասու չի եղել, քանի որ ինչպես սպարապետն է ասել՝ ինքը ստիպված էր «բոբոյի» դերը ստանձնել:


«Կարիք կա այսօր երիտասարդությանը մատուցել, թե ով էր իրականում Վազգեն Սարգսյանը: Ինքն ասում էր, որ մարդկանց մոտ ինքը զայրացած, քրտնած ու անթրաշ մարդու կերպար ունի, բայց նա տոկուն և ուժեղ ոգի ուներ: Չեմ պատկերացնում, թե իր հայրենիքի նկատմամբ այդքան պատասխանատվության ու սիրո ահռելի պաշար ինչպես կարող էր նա պարունակել»,- ասաց նա:


Իսկ սպարապետն իր ծնունդը սովորաբար նշել է իր ընտանիքի հետ, սակայն չի սիրել, երբ իր կենացն են խմել ու մեծարել իրեն:


«Ոչ մեկ չէր համարձակվի իր կենացը խմեր, որովհետև գիտեին, որ չի սիրում: Եթե մեկն էլ համարձակվեր, կասեր միայն՝ «Վազգեն ջան, կենացդ»: Դրանից ավել բան չէին կարող ասել, որովհետև հարամ կաներ գլխներին»,- ասաց նա: