Ուկրաինայում նոյեմբերից ի վեր անկարգությունների հետևանքով զոհվել է 99 մարդ

15:34 • 05.03.14

Անցած տարվա նոյեմբերից ի վեր Ուկրաինայում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհերի թիվը, ըստ պաշտոնական տվյալների, հասել է 99-ի, հայտնում է РИА-Новости-ն՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով։

 

Ավելի վաղ հաղորդվում էր 98 զոհի մասին, սակայն այժմ հայտնի է դարձել, որ Ներքին գործերի նախարարության հոսպիտալում մարտի 5-ին մահացել է ևս մի տուժած։

 

Աղբյուրը հավելում է, որ Կիևի կենտրոնում իրավապահների ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով փետրվարի 18-ից ի վեր բուժօգնության է դիմել 1.039 տուժած, 676-ը հոսպիտալացվել է։ Մարտի 5-ի դրությամբ՝ բուժհաստատաություններում դեռևս գտնվում է 210 մարդ։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ներքաղաքական իրավիճակը սրվել է 2013թ. նոյեմբերին, երբ ներկայում տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարությունը հայտարարեց եվրաինտեգրաման գործընթացի կասեցման ու Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին։

 

Երկրում տեղի ունեցած իշխանափոխության հետևանքով Յանուկովիչը դիմել է փախուստի, իսկ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Տուրչինովը։ Արտահերթ նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 25-ին։