Երևան–Ապարան ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ ծեծել են բնապահպան Եղիա Ներսիսյանին (ուղիղ միացում)

12:49 • 06.03.14

14.57

Երևան–Ապարան ճանապարհին բողոքի ակցիայի ժամանակ ծեծել են Եղիա Ներսիսյանին


«Բնապահպաններին այստեղ ծեծել են»,-Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ապարան-Երևան մայրուղում անցկացվող ակցիայի մասնակից, Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:


«Մի կերպ է շնչում»,-ասաց Լյովա Խաչատրյանը և ավելացրեց, որ հստակ չի կարող ասել, թե ում կողմից է բնապահպան ակտիվիստը ծեծի ենթարկվել։


«Չգիտեմ՝ ոստիկա՞ն է եղել, թե՞ թաքնված ոստիկան, կամ գուցե շահագրգիռ անձ՝ չեմ կարող ասել»,-հաղորդեց Լյովա Խաչատրյանը:
 





12.49


Ոստիկանները խոստացան հեռացնել ապօրինի շինարարության տարածքում գտնվող տեխնիկան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը, ով այս պահին ակցիայի մասնակիցների հետ է, Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե ոստիկաններն այս պահին ուշացումով բնակիչներին առաջարկում են այն, ինչ պետք է առաջարկեին ավելի վաղ:

«Ոստիկանները բնակիչներին խոստացան, որ կհեռացնեն ապօրինի շինարարության տարածքում տեղակայված տեխնիկան»,– ասաց նա:

Լյովա Խաչատրյանն ասաց, որ եթե ոստիկաններն իրենց խոստումը չկատարեն, ապա ժողովուրդը նորից կփակի ճանապարհը:
 




14.08

«Տեխնիկան հանեք» վանկարկումներով Արագածոտնի մարզի մի շարք համայնքների բնակիչներ իրենց բողոքի ակցիան են իրականացնում:


Ոստիկանության աշխատակիցները բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցում են, առաջարկելով բացել ճանապարհը:


Քիչ առաջ բնակիչները հավաքեցին փողոցում շարված քարերը՝ ավտոմեքենաներին թույլ տալով շարունակել իրենց ճանապարհը:

 



Արագածոտնի մարզի 7 գյուղի բնակիչներ փակել են Երևան-Ապարան ավտոճանապարհը՝ պահանջելով կասեցնել Ապարան-Երևան ջրատարի վրա ՀԷԿ կառուցելու շինարարությունը:


Ինչպես տեղեկացնում է Նախախորհրդարանի պաշտոնական կայքէջը, ոտքի են կանգնել Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ գյուղերի բնակչությունը:


Մինչ այժմ նրանց է մոտեցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ով փորձել է համոզել գյուղացիներին, որ կասեցված է ՀԷԿ-ի շինարարությունը: Գյուղացիները փաստում են, որ նոր խողովակներ են բերվել:


Նշենք, որ այս պահին այնտեղ են բնապահպան ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը, Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև Նախախորհրդարանի անդամներ:


Մանրամասների մասին առաջիկայում կտեղեկացնենք:


 
Live streaming video by Ustream