«Գազային» ընկերությունների նկատմամբ 150 մլն դոլարի յուրացման մեղադրանքով քրգործ է հարուցվել. Արսեն Ավակով
Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում ասվում է, որ քրեական գործ է հարուցվել «Նավթոգազ Ուկրաինա» և «Գազուկրաինա Քոմերս» ընկերությունների ներկայացուցիչների նկատմամբ:
Իր գրառման մեջ Ավակովը մասնավորապես նշում է.
«Ուկրաինայի ՆԳՆ-ի գլխավոր հետաքննչական վարչության կողմից քրեական դատավարություն է սկսվել «Նավթոգազ Ուկրաինա» և «Գազուկրաինա Քոմերս» ընկերությունները ներկայացնող պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ավելի քան 150 մլն դոլարի գումարի չափով պետական ունեցվածքի յուրացման գործով՝ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 191 հոդվածի 5-րդ մասի համաձայն:
Դատական որոշումների կատարումն ապահովելու նպատակով նշված ընկերությունների պաշտոնատար ներկայացուցիչներին արգելվել է դուրս գալ Ուկրաինայի սահմաններից: Նախաքննությունը շարունակվում է»:
Գրառման մեջ նա նաև նշել է, որ այսպիսի գործեր, ցավոք, շատ կլինեն:










