Դինքի ընտանիքը դիմել է Թուրքիայի սահմանադրական դատարան
Ստամբուլում սպանված պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի ընտանիքը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու սպանության համար պատասխանատվություն կրող հանրային պաշտոնյաների հանդեպ քննություն սկսելու թույլտվության մերժումը։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Հրանտ Դինքի այրու՝ Ռաքել Դինքի, երեխաների՝ Արատ, Սերա և Դելալ Դինքերի ու եղբոր՝ Խոսրով Դինքի անունից փաստաբանները ՍԴ են ներկայացրել բողոքարկման դիմումի տեքստը։
«Տրապիզոնի շրջանի ոստիկանության, Տրապիզոնի շրջանի ժանդարմերիայի, Ստամբուլի ոստիկանության, Ստամբուլի ժանդարմերիայի պաշտոնյաները կազմակերպված խմբավորման դեմ որևէ գործողություն չեն իրականացրել, նրան չեն պաշտպանել» ,-ասված է դիմումում, որտեղ նաև նշվում է, որ անգամ թերի իրականացված ուսումնասիրությունն այդ հարցի վերաբերյալ կարևոր ապացույցներ է ի հայտ բերել։
ՍԴ-ին ներկայացված դիմումում նշվում է, որ այդ մարմինները մեղքի էական բաժին ունեն սպանության իրականացման հարցում, և հայ լրագրող Դինքի սպանությունը կանխելու համար քայլեր չեն ձեռնարկել, իսկ սպանությունից հետո արդար քննություն չեն իրականացրել։
Դինքը սպանվել է 2007թ.-ին։










