ՀԱԿ–ը հանդիպել է ՀՀ–ում ԵՄ մի քանի երկրների փոխդեսպանների հետ
Մարտի 5-ին տեղի է ունեցել Լիտվայի դեսպանի, Շվեդիայի ժամանակավոր հավատարմատարի և ԵՄ անդամ երկրների փոխդեսպանների հանդիպումը «Հայ ազգային կոնգրեսի» պատվիրակության հետ, այս մասին տեղեկացնում է ՀԱԿ մամուլի ծառայությունը:
Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսել է ներքաղաքական զարգացումների մասին, ներկայացրել Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու Կոնգրեսի նկատառումները:
Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանում համատարած կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների վրա: Ընդգծվել է, որ իշխանությունները խրախուսում են տնտեսության մենաշնորհացումը:
Ծավալված զրույցի ընթացքում քննարկվել են ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից Հայաստանի հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության պատճառները:
Հատուկ անդրադարձ է եղել ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին: ԵՄ ներկայացուցիչները անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
Լևոն Զուրաբյանը ներկայացրել է նաև Կոնգրեսի ջանքերը՝ ոչ իշխանական երեք ուժերի հետ համագործակցության խորացման, գործողությունների համատեղ օրակարգի մշակման ուղղությամբ: Ընդգծվել է ՀԱԿ վճռականությունը շարունակելու պայքարը Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցել են Ա. Ավագյանը, Վ. Կարապետյանը, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և ԵՄ պատվիրակության փոխդեսպանները:










