Լատվիան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Յանուկովիչին և նրա համախոհներին
Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի քաղաքացիների ցուցակը, որոնք ժամանակավորապես հայտարարվել են «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ), գրում է dw.de-ն:
Ինչպես հինգշաբթի՝ մարտի 6-ին հայտնում է rus.delfi.lv ինտերնետային պորտալը, ցանկում առաջինն իշխանությունից հեռացված նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն է, ինչպես նաև նրա որդիները՝ քաղաքական գործիչ Վիկտոր Յանուկովիչը և գործարար Ալեքսանդր Յանուկովիչը:
Ինչպես նշում է «ЛИГАБизнесИнформ»-ը, «անցանկալի անձ» են ճանաչվել նաև Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, նրա տեղակալ Վիկտոր Ռատուշնյակը, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան և նրա որդի Արտյոմը, նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը և նրա որդի Ալեքսեյը, նախկին փոխվարչապետ Ռաիսա Բոգատիրյովան, Ուկրաինայի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն և Իգոր Կալինինը, նախագահի գրասենյակի նախկին ղեկավար և փոխղեկավար Անդրեյ Կլյուևը և Անդրեյ Պորտնովը, Ռեգիոնների կուսակցության պատգամավոր Սերգեյ Կլյուևը, գործարար Սերգեյ Կուրչենկոն և կրթության նախկին նախարար Դմիտրի Տաբաչնիկը:










