Նիկարագուան քաղաքավարի ձևով հրաժարվել է ռուսական ռազմաբազայից
Նիկարագուան հրաժարվել է իր տարածքում ռուսական ռազմաբազայից, և դա արել է քաղաքավարի ձևով, հայտնում է HTB-ն:
Այդ երկրի փոխնախագահ Օմար Ալյեսլևենսը մեկնաբանել է ՌԴ-ի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հայտարարությունը Ռուսաստանի ռազմական ներկայությունն ընդլայնելու մասին:
Նիկարագուայի Սահմանադրությունը թույլ չի տալիս այդ երկրի տարածքում Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի ռազմական հենակետ տեղադրել, հայտարարել է կենտրոնամերիկյան հանրապետության փոխնախագահը:
Պաշտոնյան նշել է, որ իրենք Մոսկվայի հետ լավ հարաբերություններ են պահպանում, և «դրանք հիմնված են Սահմանադրությունն ու օրենքները հարգելու վրա», որոնք էլ արգելում են օտարերկրյա բազա ստեղծել իրենց երկրի տարածքում:
Ավելի վաղ նույն պատճառաբանությամբ իր տարածքում ռուսական ռազմաբազա տեղակայելուց հրաժարվել էր Վենեսուելան: Այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ իրենց սահմանադրությունն արգելում է այլ երկրի ռազմական ներկայություն:
Իր հայտարարության մեջ Սերգեյ Շոյգուն ասել էր, որ ռուսական ռազմական ներկայությունը ընդլայնելու ուղղությամբ բանակցություններ են ծավալվում Սինգապուրի, Սեյշելյան կղզիների, Նիկարագուայի, Վենեսուելայի հետ, և իրենք «մոտ են արդյունքին»:










