Ապարանում բողոքի ակցիային մասնակցած և բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամներին ազատ են արձակել

19:50 • 06.03.14

22.00

Նախախորհրդարանից հայտնում են, որ Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին և Հովհաննես Ղազարյանին քիչ առաջ ազատ են արձակել ոստիկանության Աշտարակի բաժնից: 

 

19.50

Քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել և Լենինգրադյան փողոցում տրանսպորտից իջնելուց հետո` ավելի քան տասը հոգով բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին: Այս մասին հայտնում են Նախախորհրդարանի գրասենյակից։


Հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր` մարտի 6-ին, Աշտարակ-Ապարան մայրուղու վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ համազգեստավոր և ծպտյալ ոստիկանները փորձել են բռնության գործադրմամբ ապօրինի կերպով բերման ենթարկել Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանին, աջակիցներ Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին Տարոն Սարգսյանին և Տաթև Մայիլյանին: Այդ պահին ակցիայի մասնակից գյուղացիները կանխել են ոստիկանների ապօրինի գործողությունները և թույլ չեն տվել, որ նրանց բերման ենթարկեն:


Սակայն Երևան վերադարձի ճանապարհին քաղաքացիական հագուստով ոստիկանները հետևել են վերջիններիս և երբ Լենինգրադյան փողոցում նրանք իջել են տրանսպորտից, ավելի քան տաս հոգով հարձակվել և դարձյալ բռնության գործադրմամբ բերման են ենթարկել Եղիա Ներսեսյանին, Գևորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին ու Հովհաննես Ղազարյանին»:

 

Այս կապակցությամբ Tert.am-ին չհաջողվեց պարզաբանում ստանալ Ոստիկանությունից։