Պուտինն Անվտանգության խորհրդի հետ քննարկել է Ղրիմի խորհրդարանի դիմումը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ հանդիպում է կազմակերպել, որի ընթացքում քննարկվել է Ղրիմի խորհրդարանի դիմումը՝ թերակղզին Ռուսաստանի կազմում ներառելու վերաբերյալ, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Նիստի արդյունքների մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլք։
Ավելի վաղ Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանը միաձայն կողմ էր արտահայտվել թերակղզին Ռուսաստանի կազմում ներառելու որոշմանն ու համապատասխան խնդրանքով դիմել էր Պուտինին։
Պատգամավորները նաև մարտի 16-ին հանրաքվե են նշանակել, որի ընթացքում շրջանի բնակիչները պետք է վճռեն՝ ցանկանում են միանալ Ռուսաստանի՞ն, թե՞ մնալ Ուկրաինայի կազմում։
Ղրիմի Բարձրագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Ղրիմի խորհրդարանի համար կարևոր է Ռուսաստանի որոշումը՝ Ղրիմը ՌԴ-ի կազմ մտցնելու վերաբերյալ։
Նա հայտարարել է, որ մարտի 6-8-ը Մոսկվա նախատեսված այցը տեղափոխվել է, և կկայանա առաջիկա օրերին։










