RT հեռուստաալիքն ուղիղ եթերում աշխատանքից հեռանալու մասին հայտարարած հաղորդավարին մեղադրել է ինքնագովազդի համար
RT հեռուստաալիքը քննադատել է հաղորդավարուհի Լիզ Վալի գործողությունները, որը մարտի 5-ին ուղիղ եթերում հայտարարել էր աշխատանքից հեռանալու մասին: Պաշտոնական մեկնաբանությունը հրապարակվել է հեռուստաալիքի կայքում մարտի 6-ին:
«Սովորաբար, եթե լրագրողը համաձայն չէ իր խմբագրության դիրքորոշման հետ, նա իր բողոքներով դիմում է խմբագրին, և եթե խնդիրները հնարավոր չէ լուծել, հեռանում է որպես պրոֆեսիոնալ: Բայց երբ մեկը սեփական որոշումից հրապարակային շոու է սարքում, դա ոչ ավելին է, քան ինքնագովազդ»,- հեռուստաալիքի ղեկավարությունը մեկնաբանել է Վալի աշխատանքից հեռանալը:
Վալի հայտարարությունը հեռուստաալիքում կապել են մեկ այլ հաղորդավարուհի՝ Էբի Մարտինի վերջերս ունեցած ելույթի հետ, որն իր ծրագրում քննադատել էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի «ռազմական օկուպացիան»:
«Տարբերությունն այն է, - նշվում է RT-ի հայտարարությունում,- որ Մարտինի հայտարարությունները հնչել են նրա սեփական թոք-շոուի ընթացքում և հանդիսատեսի առաջ, որոնք դիտում էին նրա հաղորդումը վերջին երկու տարիների ընթացքում՝ լսելու նրա կարծիքն ընթացիկ իրադարձությունների մասին, կարծիք, որը ԶԼՄ-ների մեծ մասին դեռ երկու շաբաթ առաջ հետաքրքիր չէր»:
«Այս ողջ ընթացքում լրատվական գործակալություններն առանց ուշադրության էին թողնում Մարտինի հայտարարություններն ամերիկյան ռազմական ներխուժման դեմ, սակայն միակ մեկնաբանությունը ռուսական իշխանությունների հասցեին ներկայացվեց որպես անհնազանդության ակտ և դարձավ սենսացիա և կրկնօրինակելու գայթակղիչ օրինակ»,- նշել են RT-ում:










