Վարչապետը մասնակցել է Մանկավարժական համալսարանի հիմնանորոգված դահլիճի բացմանը (լուսանկարներ)

17:46 • 07.03.14

Վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցութամբ բացվել է ՀՊՄՀ-ի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգված դահլիճը, այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:


Տեխնիկական ամենավերջին նորույթներով հագեցած դահլիճում կարող են անցկացվել տարաբնույթ միջոցառումներ` գիտաժողովներ, համերգներ և այլն: Դահլիճի վերանորոգման աշխատանքները տևել են 6 ամիս, որի ընթացքում հաշվի են առնվել բոլոր մանրուքները. 600-700 տեղանոց դահլիճն ունի բարձրորակ լուսավորություն, հագեցած է ժամանակակից ակուստիկ սարքավորումներով, իսկ բեմը շարժական է:


Տիգրան Սարգսյանը կարևորել է նման բարձրակարգ դահլիճի առկայությունը համալսարանում, միաժամանակ շնորհավորել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ մարտի 8-ի կապակցությամբ:


«Ցանկանում եմ բոլորիդ մաղթել ուրախություն, երջանկություն, գեղեցկություն, որովհետև դուք հնարավորություն եք տալիս մեզ՝ լիցքավորվել և հաղթահարել բոլոր դժվարությունները, որ այսօր առկա են մեր երկրում: Ձեր գեղեցկությունը մշտապես օգնում է մեզ առաջ շարժվել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»,- դիմելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ նշել է վարչապետը:


Դահլիճի բացման և մարտի 8-ի կապակցությամբ տեղի է ունեցել է նաև «Դորիանս» ռոք խմբի համերգը: