Կանանց միամսյակի առթիվ ՀՀ–ում բոլոր կանայք կկարողանան անվճար հետազոտվել. ԱՆ

11:54 • 07.03.14

Հայաստանում մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում բոլոր կանանց անվճար հետազոտության, խորհրդատվության, որոշ դեպքերում էլ բուժման հնարավորություն կտրվի: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:


«Կանանց տոնի առթիվ տարբեր միջոցառումներ են եղել, այս տարի նախատեսվում են մի շարք միջոցառումներ, դրանցից մեկը բաց դռների օրն է, Երևանի և բոլոր մարզերի բոլոր բժշկական հաստատություններում կլինեն կենտրոններ, որտեղ խորհրդատվություն կտրվի կանանց, հետազոտություն կանցկացվի, ինչպես նաև որոշ դեպքերում՝ բուժում անվճար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այդ միջոցառումը նպատակ ունի կանանց մոտ իրենց առողջության նկատմամբ վարքագծի փոփոխություն առաջացնել:


Վերջինիս փոխանցմամբ՝ բացառություն են կազմելու միայն բարդ, նորագույն սարքավորումներով թանկարժեք բուժումները: Առաջին դուռը պոլիկլինիկան է, և եթե կարիք լինի, կնոջը կուղեգրեն այլ բժշկական կազմակերպություն: Կարինե Սարիբեկյանի խոսքով՝ իրենք հնարավոր ամեն ինչ արել են, որպեսզի քաղաքացիներն առավելագույնս քիչ առնչվեն փաստաթղթային խնդիրների հետ:


«Այն կանայք, որոնք չունեն որևէ սոցիալական խումբ, բայց կարիք կունենան այլ բուժհաստատություն դիմելու, նրանց կուղեգրեն: Իսկ այն մասը, որը բաց կմնա, ցանկով կներկայացնեն այդ կանաց անունները, և նախարարությունը սահմանված ընթացակարգով նրանց կուղեգրի հետազոտման»,- ասաց Կարինե Սարիբեկյանը:


Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ այդ միջոցառումների շրջանակներում կանայք չեն վստահում բժիշկներին, բանախոսը նախ խորհուրդ տվեց վստահել բժիշկներին և ավելացրեց. «Շատ հաճախ մենթալիտետի խնդիր է, որ կանայք չեն վստահում բժիշկներին: Նրանք մեկ բժշկից հետո նախընտրում են մեկ այլ բժշկի մոտ ևս գնալ»:
Հետազոտության ընթացակարգի մասին մանրամասն կտեղադրվի առողջապահության նախարարության կայքում, որտեղից կանայք կարող են տեղեկանալ, թե անվճար ծառայությունների շրջանակներում որ դեպքում ինչ պետք է անեն: