ՌԴ օդանավակայաններից հետ են ուղարկում «սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացիներին
Tert.am–ի խմբագրություն էր զանգահարել Մոսկվայից Սասուն անունով ՀՀ քաղաքացի, որը տեղեկացրեց, որ Մոսկվայի օդանավակայանի մաքսավորներն այսօր թույլ չեն տվել, որպեսզի Երևան-Մոսկվա չվերթով Մոսկվա ժամանած իր եղբոր կինը դուրս գա օդանավակայանի տարածքից:
Նա ավելի ուշ չվերթով պետք է ուղարկվի Հայաստան: Քանի որ ՌԴ մաքսային ծառայության աշխատակիցները չեն բացատրել, թե ինչի համար է քաղաքացին հետ ուղարկվում ՝բացի ասելուց, որ Դուք չեք կարող հատել ՌԴ սահմանը (շատ դեպքերում, երբ հետ ուղարկելու պատճառների մասին չեն ասում, խորհուրդ են տալիս Հայաստանում ՌԴ դեսպանատնից տեղեկանալ պատճառների մասին), ՀՀ քաղաքացին ենթադրում է, որ եղբոր կինը հայտնվել է ՌԴ խստացված օրենսդրական նախաձեռնությամբ սահմանված «սև ցուցակում»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը վերջերս խստացրել է իր երկիր մուտքի պայմանները՝ սահմանելով նոր կարգ: Այն կոչվում է՝«Ռուսաստանի Դաշնության տարածք՝ օտարերկրացիների և դաշնային միգրացիոն ծառայության գծով քաղաքացիություն (ՌԴ) չունեցող անձանց չթույլատրելու հիմքեր»:
Tert.am–ի խմբագրություն զանգահարած քաղաքացին տեղեկացրեց, որ նախորդ օրերին և երեկ ևս մի քանի նման դեպք է տեղի ունեցել և ավելացրեց.«Հետ են տալիս, բայց ուզում եմ հարց տալ, ինչի՞ են «կասսաները» տոմս վաճառում»:
«Աէրոֆլոտ-ռուսաստանյան ավիաուղիներ»-ի հայաստանյան ներկայացուցչությունից հայտնեցին , որ օրենսդրական նորույթների մասին զգուշացնելը իրենց գործառույթների մեջ չի մտնում: «Դա «պասաժիրի» գործն է»,- ասաց ընկերության աշխատակցուհին:
Նույնը Tert.am-ի հետ զրույցում կրկնեց Հայաստանի միգրացիոն պետական ծառայության աշխատակցուհի Անահիտ Արշակյանը։
«Իրենք ստուգե՞լ են, կայքում իրենց անունները չի՞ եղել»,- հարցրեց Հայաստանի միգրացիոն ծառայության աշխատակիցը ավելացնելով.«Քանի անգամ հեռուստատեսությամբ հաղորդել ենք, որ մինչև թռնելը, տոմս գնելը բոլորը պետք է Ռուսաստանի միգրացիոն ծառայության կայք մտնեն, ստուգեն՝ իրենց մասին ինֆորմացիա կա-չկա, հետո նոր թռնեն, որ իրենց անունը չլինի արգելված անձանց ցուցակում»:
ՀՀ քաղաքացիները իրենց անունների ստուգումը կարող են կազմակերպել նաև ՀՀ միգրացիոն ծառայության աշխատակիցների միջոցով:
Նշենք, որ «սև ցուցակում» հայտնվելու համար կարող է պատճառ հանդիսանալ վարչական խախտումները, նախկինում առանց ռեգիստրացիայի ՌԴ-ում ապրելը, ՌԴ-ում 3-ամսից ավելը մնալը և այլն:










