ԿԳՆ -ն փորձում է հասկանալ, թե «Ես և շրջակա աշխարհը» դասագրքի որ նյութն է հարուցել մասնագետների մտահոգությունը

10:48 • 07.03.14

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը առաջիկայում կուսումնասիրի «Ես և շրջակա աշխարհը» դասագիրքը, որը մտահոգություններ էր առաջացրել ՝ կապված նրա հետ, թե ինչպես է 2-ից 4-րդ դասարանների աշակերտներին նոր ուսումնական տարվանից քարոզվելու սեռին վերաբերող նյութը։


«Չեմ կարող ասել՝ ինչ նյութի շուրջ է նման մտահոգությունը , նման արձագանքը , բայց ես գիտեմ, որ իրենք զգուշորեն անցկացրել են էդ … գենդերային քննարկման արդյունքները: Եվ ոչ միայն էս «Շրջական աշխարհ» դասագրքում, այլև բոլոր առարկաներում այն զգուշորեն տեղ է գտել»,- Tert.am-ին ասաց Նարինե Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, որ ըստ «Առավոտ»-ի՝ մտահոգության հիմնական պատճառն այն է, որ երեխաներին ուսուցանվելու է, որ սեռն ընտրովի է։ Այս խնդրի շուրջ իր մտահոգությունն էր հայտնել նաև «Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» ՀԿ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, ինչպես նաև՝ Եկեղեցական հասարակական հարցերի հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։