Ինտերպոլը Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին հարցում է ստացել
Ինտերպոլը հարցում է ստացել Ուկրաինայի նոր իշխանություններից նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում հայտարարելու և նրան ձերբակալելու կապակցությամբ, հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը` վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայության հայտարարությունը:
Ուկրաինայի Գերագույն ռադան Յանուկովիչին զրկել էր լիազորություններից փետրվարի 22-ին: Նա փախել էր երկրից և այժմ գտնվում է Ռուսաստանում:
Ուկրաինայի իշխանությունները նրան մասնավորապես մեղադրում են դիտավորյալ սպանությունների կազմակերպման համար Կիևում զանգվածային ընդվզումների ժամանակ, ինչպես նաև` սահմանադրական կարգի տապալման կոչերի համար:
Այսօր ռուսաստանյան ԶԼՄ-ներում` «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հղումով, լուրեր էին հայտնվել այն մասին, թե Յանուկովիչը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել: Կաթվածի մասին այդ տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել:










