Վրաստանից և Ուկրաինայից հետո Լատվիան կարող է դառնալ երրորդը. երկիրն անհանգստացած է ՌԴ գործողություններից

12:25 • 07.03.14

Լատվիայի խորհրդարանը դատապարտել է Ուկրաինայում ռուսական ագրեսիան և նշել, որ չի կասկածում, որ ՌԴ-ի պլաններում է հարևան երկրի օկուպացիան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Բացի այդ, որոշ լատվիացի քաղաքական գործիչներ համոզված են, որ Վրաստանից և Ուկրաինայից հետո ռուսական տանկերը կգան Բալթյան երկրներ:

 

Լատվիայի Սեյմը վեց ժամ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը: Արդյունքում ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել որոշմանը, որը դատապարտում է Ղրիմ ռուսական զորքի մուտքը և նշում եթե ոչ ողջ Ուկրաինան, ապա առնվազն դրա մի մասը գրավելու ՌԴ-ի մտադրությունների մասին:

 

Լատվիայի պաշտպանության նախարար Ռայմոնդ Վեյոնիսը նախազգուշացրել է Ռուսաստանի կողմից Լատվիայում սադրանքների մասին՝ անգամ իրական ռազմական վտանգի բացակայության դեպքում:

 

Վեյոնիսի խոսքով՝ ազգային կառավարությունը պետք է մեծացնի պաշտպանության ծախսերը: Նրա հետ համաձայն է նաև երկրի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման: Բացի այդ, Բալթյան կողմի խնդրանքով ԱՄՆ-ն կմեծացնի կործանիչների քանակը, որոնք հսկում են Բալթյան երկրների օդային տարածքը: