Պենտագոնն ուսումնասիրում է Պուտինի «մարմնի լեզուն»՝ նրա մտադրությունները գուշակելու համար. USA Today

15:56 • 07.03.14

«Պենտագոնի հետազոտական խումբն ուսումնասիրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ առաջնորդների մարմնի լեզուն, որպեսզի կարողանա գուշակել ԱՄՆ-ի հանդեպ նրանց գործողությունները»,- գրում է USA Today պարբերականը՝ հղում անելով Պենտագոնի փաստաթղթերին և մի շարք հարցազրույցների։

 

Body Leads նախագիծը, որն իրականացվում է Բազմակողմանի գնահատականների վարչության (ONA) աջակցությամբ և որը գտնվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի ենթակայության ներքո, կիրառում է մարմնի շարժումների վերլուծության սկզբունքները՝ քաղաքական գործիչների վարքը կանխագուշակելու համար, փոխանցում է inopressa.ru-ն։

 

Մասնավորապես, ամերիկացի քաղաքական գործիչները փորձում են կանխագուշակել Պուտինի գործողությունները, ով նախորդ շաբաթ հրամայել էր հարևան Ուկրաինա զորք մտցնելու մասին։

 

ONA-ն օգտվում է Body Leads-ի տնօրեն Բրենդա Քոնորսի հետազոտություններից և 2009-ից ի վեր 300.000 դոլար է վճարել արտաքին փորձագետներին, որոնք համագործակցում են նրա հետ։ Նրա աշխատանքների թվում է ONA-ի 2008թ. «Շարժումներ, ուղեղ և որոշումների կայացում. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին» անվանումով զեկույցը։

 

Թեև Քոնորսը հրաժարվել է բնութագրել իր ներկայիս աշխատանքը, հայտնի է, որ ավելի վաղ նա գրել է ՌԴ առաջնորդի ոչ սահուն քայլվածքի մասին։ Նա նշել էր, որ Պուտինի ինչ-որ ֆիզիկական թերություն օգնել է նրան «ուժեղ կամք մշակել կյանքի հանդեպ և հանդիսացել է խթան՝ սեփական մարմինն ամրապնդելու և հավասարակշռության համար»։ «Երբ մենք չենք կարողանում անել որևէ բան, մեզ օգնում է քրտնաջան աշխատանքը»,- ասել է Քոնորսը։