Ղրիմում պատասխանել են հանրաքվեն տապալելու Կիևի փորձերին
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողությունները, որոնք մասնակիորեն արգելափակել են ընտրողների պետական ռեեստրը Ղրիմի հանրաքվեից առաջ, չեն խանգարի հանրաքվեի անցկացմանը։ Այս մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Գրիգորի Իոֆեն, հաղորդում է lenta.ru-ն:
Իոֆեն, որը ղեկավարում է խորհրդարանի՝ հանրաքվեի պատրաստության հարցերով աշխատանքային խումբը, նշել է, որ ընտրողների բոլոր ցուցակներն արդեն պատրաստ են: «Հանրաքվեն կանցկացվի անհրաժեշտ ողջ տեխնիկայի օգտագործմամբ: Ընտրողների ցուցակներն արդեն շրջաններում են»,- ասել է նա:
Մեկնաբանելով ԿԸՀ-ի գործողությունները, որը հայտարարել էր Ղրիմի հանրաքվեի անօրինական լինելու և ռեեստրի հասանելիության սահմանափակման մասին, Իոֆեն հայտարարել է, որ այնտեղ աշխատում են «մեղմ ասած, ոչ խելացի մարդիկ»: Նա պարզաբանել է, որ Ղրիմի տեղական հանձնաժողովներում, որի տարածքում բազմիցս անցկացվել են ընտրություններ, պահպանվել են ընտրացուցակների կրկնօրինակները:










