«Ֆեյքերին» հղումներ անելը սահմանափակող օրենքի նախագիծը կարող է խոսքի ազատության դեմ գործիք դառնալ. մեդիափորձագետ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վստահ է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, համաձայն որի ԶԼՄ-ները պատասխանատվություն կկրեն սոցցանցերի կեղծ օգտատերերի գրառումների բովանդակության համար, ընդհանրապես պետք չէ: Նրա կարծիքով` այն կարող է խոսի ազատության դեմ գործիք դառնալ։
«Գործող օրենքներն այս հարցերը կարգավորում են, և կան նախադեպային մի շարք դատական գործեր, որոնք ապացուցում են, որ այս ամենը քիչ թե շատ կարգավորվում է օրենսդրությամբ, իսկ այս նախագիծը կարող է խոսքի ազատության դեմ գործիք դառնալ։ Ես կարող եմ առնվազն` 10 հնարք ներկայացնել, երբ կարելի է օգտագործելով այս նախագիծը՝ ճնշել ինչպես լրատվամիջոցներին, այնպես էլ` անհատներին»,-ասաց նա և շեշտեց, որ խնդիրն այն է, որ այս օրինագիծն ստեղծողները նաև ֆեյսբուքն են դիտել որպես տեղեկատվության աղբյուր, և բերեց նման հնարքի մի քանի օրինակ։
«Օրինակ՝ ես իմ ֆեյսբուքյան էջում կիսվում եմ ուրիշի գրառմամբ, ես հայտնի եմ, պարզ է, որ իմ էջը իսկապես իմն է, իսկ մյուսը ինչ-որ ուրիշ անունով է գրանցված: Քանի որ ես, ըստ նախագծի, իմ «պրոֆիլով» լրատվամիջոց եմ համարվում, ես փաստացի տարածում եմ մի ֆեյքի գրառում, որն անպատվում է քաղաքական գործչի, և ես դատական հետապնդման տակ եմ ընկնում։
Վտանգավոր է նաև այն պահանջը, որ 12 ժամում պետք է ջնջեն վիրավորական մեկանբանությունը։ Օրինակ` ես կարող եմ այդ վիրավորական մեկանբանությունը տեղադրել ձեր էջում, երեկոյան ժամը 21-ին նամակ գրել, թե` հեռացրեք, առավոտյան 9-ին տեսնել` չեք հեռացրել, որովհետև նոր եք գործի եկել և նամակներն եք դեռ նոր ստուգում, ու սկսել հետապնդել ու դատարաններով քաշքշել ձեզ»,-նշեց նա։
Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ գործնականում հնարավոր էլ չէ պարզել, թե օգտատերը ֆեյք է, թե՞ ոչ։
«Կան բազմաթիվ սոցիալական հարթակներ, որտեղ ընդհանրապես բոլորն են «ֆեյք»ի կարգավիճակով, սակած շատ քիչ սոցիալական ցանց կա, որտեղ մարդուց պահանջվում է իր անուն-ազգանունով գրանցվել, և այդ տեսանկյունից հարվածի տակ է ամեն ինչ միանգամից, առավել ևս` ոչ մի հասկանալի մեխանիզմ չի նշվում, թե ինչպես պետք է պարզեն` հայտնի՞ մարդ է, անհա՞յտ է և այլն։ Այդ հարթակները Հայաստանում չեն, հարցում հնարավոր չէ ուղարկել, իսկ Ֆեյսբուքը երբեք պատգամավորին վիրավորելու համար օգտատիրոջ հասցեներ չի բացահայտի, որովհետև դա աբսուրդ է»,-նշեց նա և հիշեցրեց, որ Հահաստանը Եվրոպայի Խորհրդի անդամ է,և նույն պատգամավորները պետք է հասկանային, որ ԵԽ-ն Խոսքի ազատության մասին հռչակագրում անանուն ներկայանալն ընդունում է որպես խոսքի ազատության հիմնարար սկզբունք։
«Այսինքն` որ «ֆեյք-ֆեյք» են ասում` ամեն անգամ բացասական ներկայացնելով, դա կարող է ունենալ նաև տարբեր դրսևորումներ։ Կարող եմ օրինակ բերել նույն «Անոնիմուս» խմբավորումը, «Վիկիլիքսը» և այլն: Կան տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ, որոնց ետևում կանգնած անձինք, ելնելով քաղաքական կամ այլ նկատառումից, չեն բացահայտում իրենց, այնպես որ` պետք չէ ֆեյքը որպես բացասական եզր ներկայացնել»,-ասաց նա։
Ի դեպ` Սամվել Մարտիրոսյանը հասկացել է, որ «այդ պատգամավորներն իրենք իրենց անձն են փորձում պաշտպանել համացանցում։
«Եթե գնան, հասնեն Եվրոպական դատարան, որևէ վիրավորանքի հետ կապված գործ հօգուտ իրենց չի լուծվի, որովհետև չմոռանանք, որ Եվրոպական դատարանի համար հասարակական-քաղաքական գործիչը չունի նույն պաշտպանվածությունը, ինչ հասարակ քաղաքացին»,-եզրափակեց նա։










