Ուկրաինայի հայերն ամեն ինչ կանեն երկրում խաղաղության հաստատման համար. ուկրաինացի վերլուծաբան
Ոչ թե խոսքով, այլ գործով են Ուկրաինայի հայերը պատրաստ անել ամեն ինչ՝ խաղաղության պահպանման համար. ինչպես տեղեկացնում է aspekty.net-ը, նման հայտարարություն է արել ուկրաինացի պատմաբան, վերլուծաբան Մաքսիմ Ցարենկոն։
«Անկախության պահպանումն ու օրինականության վերականգնումը շատ կարևոր են ուկրաինացի ժողովրդի համար, և Ուկրաինայի հայերը դա հստակ հասկանում են»,-ասել է նա։
Ուկրաինացի պատմաբանի խոսքով՝ շատ օրինաչափ է, որ Ուկրաինայի հայերի միությունը, որպես կազմակերպություն, որը համախմբում է երկրի բոլոր հայերին, դեռ մեկ ամիս առաջ վճռականորեն հանդես եկավ քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները հարգելու տեսանկյունից և դատապարտեց անօրինական գործողությունները։
«Ուկրաինայի հայ համայնքը, ինչպես ողջ ուկրաինացի ժողովուրդը, տագնապում է երկրում տիրող դժվարին քաղաքական իրավիճակի պատճառով։ Հայկական մտածելակերպը, որը ձևավորվել է հազարամյակների ընթացքում, միանգամայն բնական միտում ունի բոլոր խնդրահարույց հարցերը լուծել համաձայն օրենքների՝ խաղաղ ճանապարհով։ Սերգեյ Նիգոյանի և Գեորգի Հարությունյանի անունները վկայում են այն մասին, որ հայերը մի կողմ չեն քաշվել դժվար պահին, և երկրում տեղի ունեցող իրադարձությունների մեջ էին»,-ասել է փորձագետը։










