Յարոշը պահանջել է Ուկրաինայի իշխանություններից բացել զինանոցները «Պրավիյ սեկտորի» համար

13:19 • 07.03.14

Ուկրաինական «Պրավիյ սեկտոր» ծայրահեղական շարժման ղեկավարությունը Կիևի իշխանություններից պահանջել է բացել ռազմական զինանոցներն իրենց ինքնապաշտպանության ջոկատների համար, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Ուկրաինայի ռազմական գերատեսչության աղբյուրին:

 

«Նման պահանջ ուկրաինական կառավարությանը և պաշտպանության նախարարությանը ներկայացրել է «Պրավիյ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը: Նա հայտարարել է, որ ուժային կառույցների ղեկավարության «պահպանողական մոտեցումները» թույլ չեն տալիս երկրում վերականգնել կարգը և բացառել հակամայդանական բողոքներն Ուկրաինայի արևելյան և հարավային շրջաններում»,- ասել է աղբյուրը:

 

Ընդ որում՝ աղբյուրի խոսքով, Դմիտրի Յարոշը «վերջնագրի ձևով առաջարկում է ««Պրավիյ սեկտորին» փոխանցել զենքի և ռազմական տեխնիկայի մի մասը, ինչպես նաև մի քանի ռազմական ուսումնական կենտրոն»: Կենտրոնները, նրա խոսքով, անհրաժեշտ են «Պրավիյ սեկտորի» մարտիկների որակյալ պատրաստության» համար, քանի որ նրանք մասնակցելու են Ուկրաինայի տարածքային ամբողջականության պաշտպանությանը»:

 

Ինչպես նշել է զրուցակիցը, եթե կառավարությունը չիրականացնի այդ պահանջները, «Յարոշը չի բացառում, որ «Պրավիյ սեկտորն» Ուկրաինայի ճակատագրին կմասնակցի ավելի վճռական ձևով»: