«Պրավիյ սեկտոր» ծայրահեղական միավորման առաջնորդը կառաջադրվի Ուկրաինայի նախագահի պաշտոնում

14:14 • 07.03.14

Ուկրաինայի «Պրավիյ սեկտոր» ծայրահեղական միավորման առաջնորդ Դմիտրի Յարոշը մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է նրա գործընկեր, «Պրավիյ սեկտորի» կիևյան բաժնի ղեկավար Անդրեյ Տարասենկոն, գրում է lenta.ru-ն:

 

«Մենք պատրաստվում ենք համագումարի, որտեղ կուսակցությունը (ավելի վաղ հաղորդվել էր, որ միավորման հիման վրա կուսակցություն կստեղծվի) կվերանվանվի, և մենք գնում ենք ընտրությունների՝ Կիևում, բոլոր տեղական խորհուրդներում, քաղաքներում և գյուղերում, իսկ դա նշանակում է, որ Դմիտրի Յարոշը կառաջադրի իր թեկնածությունն Ուկրաինայի նախագահի պաշտոնում»,- ասել է նա:

 

Ընտրություններին մասնակցելու հնարավորության մասին Յարոշը հայտնել էր «Տիժդեն» թերթին տված հարցազրույցում: «Հնարավոր է նաև նման սցենար»,- ասել էր նա: