Օբաման չի պատրաստվում Թուրքիային վերադարձնել Էրդողանի հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենին
Սպիտակ տունը հերքել է մի շարք թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունն այն մասին, թե Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վերջին զրույցի ընթացքում շոշափվել է ամերիկաբնակ կրոնական-հասարակական գործիչ, նուրսիստների աղանդի առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենին Թուրքիային վերադարձնելու թեման, գրում է haqqin.az-ը:
«Նման զրույցի մասին տեղեկությունը և առավելևս Օբամայի համաձայնությունը չեն համապատասխանում իրականությանը»,- «Ջիհան» գործակալությունը մեջբերում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչին:
Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Օբամայի հետ զրույցում Էրդողանը հայտարարել է, որ «մեր երկրում դժգոհության աղբյուրը գտնվում է ԱՄՆ-ում, և մենք ձեզանից համապատասխան քայլեր ենք ակնկալում», ինչին ի պատասխան Օբաման իբր պատասխանել է, որ «նա ամեն ինչ հասկացել է»:










