Ամոթ չէ պայքարել իրավունքների համար. երթ՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության (տեսանյութ, լուսանկարներ)
Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով այսօր «Ֆեմինիստ պլատֆորմ» նախաձեռնությունը մանուշակագույն ժապավեններով, թմբուկներով ու ցուցապաստառներով` «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» խորագրով երթ անցկացրին։
Երթի մասնակիցները համոզված են՝ Հայաստանում կանանց իրավունքները ոտնահարվում են, իսկ նրանք շատ դեպքերում չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին։
«Կանանց իրավունքները միանշանակ պաշտպանված չեն, և դրա վառ օրինակն են գենդերային տարատեսակ փոփոխությունները, որոնք մեր իրականությունում մենք տեսնում ենք, ոլորտները շատ բազմազան են, թե ընտանեկան բռնություն, թե սեռական բռնություն, թե աշխատանքային բռնություն կանանց նկատմամբ, դրա համար կարող ենք ասել, որ այսօր կանանց նկատմամբ բռնությունը բավական տարածված է մեր հասարակությունում»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց երթի կազմակերպիչներից Կանանց ռեսուրսային կենտրոնի մամուլի պատասխանատու Էլվիրա Մելիքսեթյանը։
Նա նկատեց, թե իրենց պայքարն ուղղված է հայ հասարակությունում առկա կարծրատիպերի դեմ։ «Որ ամոթ է խոսել ընտանիքում տեղի ունեցող բռնության մասին, ամոթ է աղջիկ երեխա ունենալ, որովհետև հայկական ընտանիքում պետք է անպայման տղա երեխա լինի։ Այս ամենը մենք չենք վերցրել ուղղակի օդից, Հայաստանն աշխարհում համարվում է երրորդ երկիրը, որտեղ որ ամենաշատն են սեռի հիման վրա հղիության արհեստական ընդհատումներ տեղի ունենում, դրա համար մենք այսօր բոյկոտում ենք հետևյալ կարծրատիպերի դեմ, որոնք նպաստում են կանանց դեմ բռնությանը»,-նշեց նա։
Նշենք, որ այսօր երթին մասնակցում էին նաև սեռական փոքրամասնությունների խնդիրներով զբաղվող Pink Armenia հասարակական կազմակերպության անդամներ։
Երթին հետևող միջին տարիքի մի քաղաքացուց հարցրեցինք, թե ըստ իրեն հայ կնոջ իրավունքները ոտնահարվո՞ւմ են։ Վերջինս նշեց, որ նման բան չկա։ «Ոչ, չի ոտնահարվում, ընդհակառակը, ես կասեի, կանանց գնահատում են, հատկապես հայ տղամարդիկ»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե երթի մասնակիցներն ասում են, որ հայ կանայք լռում են իրենց խնդիրների մասին, քաղաքացին արձագանքեց. «Պահ, էն էլ ոնց են բարձրաձայնում։ Լռում են գյուղերում, էն էլ մի քիչ»։
Իսկ երթին մասնակից մի տղամարդ էլ նկատեց, որ երևի լուրերը չեն կարդում և տեղյակ չեն բռնություններից։ Իսկ աղջիկների կողքին նա կանգնել էր, քանի որ «ամոթ չէ»։










