ԱԳՆ պատվիրակությունն այցելել է Թուրքմենստան

20:33 • 08.03.14

Հայ-թուրքմենական հարաբերությունների օրակարգային հարցերի դիտարկման, երկկողմ ձևաչափում նախատեսված ծրագրերի ու փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում, մարտի 5-8-ը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թուրքմենստան։


Աշխաբադում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ, արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի և իր գործընկեր՝ արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալ Բերդինիյազ Մյատիևի հետ։


Քննարկվել է բարձր մակարդակի պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ Երևանի և Աշխաբադի կողմից ձեռնարկվող համատեղ քայլերի ընթացքը: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական կապերի ակտիվացման, մշակութային փոխանակումների խթանման, ինչպես նաև՝ բազմակողմ ձևաչափում իրականացվող համագործակցությանն առնչվող հարցերին:


Երկուստեք գոհունակությամբ նշվել է վերջին շրջանում հայ-թուրքմենական հարաբերություններում առկա զարգացումները, որոնք հնարավորություն են տալիս նոր լիցք հաղորդել երկկողմ փոխգործակցությանը։

 


Հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Թուրքմենստանի մշակույթի նախարար Գունչա Մամեդովայի, Առևտրաարդյունաբերական պալատի և Արդյունաբերողների և գործարարների միության ղեկավարության հետ՝ կապված Թուրքմենստանում նախատեսվող բիզնես-ֆորումի և Հայաստանի մշակութային օրերի կազմակերպման հետ: