50 տարի հետո Հայաստանը կունենա 93 հազար չծնված մայր. ՀԿ նախագահը՝ սելեկտիվ աբորտների մասին

14:46 • 08.03.14

«Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանն այսօր կայացած ասուլիսին առաջին հերթին խոսեց երեխայի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման մասին՝ հայտարարելով, որ դա անթույլատրելի է:


«Վերջին տարիներին հատկապես մի թիվ է արձանագրվել, որը շատ մտահոգիչ է. հղիության արհեստական ընդհատման մասին է խոսքը՝ յոթ հազար երկու հարյուր չծնված իգական սեռի արհեստական ընդհատման դեպք։ Եթե այս տեմպերը շարունակվեն, մոտ հիսուն տարի հետո մենք կունենանք 93 հազար չծնված մայր: Այսինքն՝ ստացվում է, որ մենք իրականացնում ենք ներքին ցեղասպանություն»,-ասաց նա:


Վերջինիս խոսքով՝ իսկապես, դա շատ լուրջ խնդիր է, պետք է լրջորեն մոտենալ այդ հարցին և արթնացնել հասարակությանը: «Իմ կարծիքով՝ խնդիրը հասարակության գիտակցության մեջ է, պետք է փոխել այդ գիտակցությունը: Հիմնականում նախընտրում են ունենալ տղա, որը, սակայն, տասնհինգ տարի հետո չի կարողանա ընտրել հարսնացու»,-ավելացրեց նա:


ՀԿ նախագահը կոչ արեց զերծ մնալ նման քայլերից, քանզի երկիրը դեմոգրաֆիկ խնդիր ունի. այսօր արդեն Հայաստանն այդ առումով լուրջ մարտահրավերի առջև է կանգնել:


Նա նաև տեղեկացրեց, որ «սելեկտիվ» աբորտների ցուցանիշով Հայաստանն աշխարհում երկրորդ տեղն է գրավում Չինաստանից հետո: